Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը գոյաբանական ճգնաժամի մեջ է․ Ծառուկյանը հաշվարկված լուծումներ է առաջարկում բոլոր ոլորտներում

Հայաստանը հայտնվել է քաղաքական, տնտեսական, սոցիալական և ամենակարևորը գոյաբանական ճգնաժամի մեջ: Հասարակության մեծամասնությունը չի հասկանում, թե ուր է գնում երկիրը, իշխանությունները չեն կարողանում և ընդունակ չեն պատասխանելու հասարակությանն անհանգստացնող հարցերին: Անորոշությունը և ապագայի նկատմամբ հավատը էլ ավելի է խորացնում ճգնաժամը:

Եթե իշխանությունը անընդունակ է ապագայի զարգացման ծրագրեր ներկայացնել և ցույց տալ հանրությանը այն ճանապարհը, որով Հայաստանը պետք է շարժվի առաջիկա տարիների ընթացքում, ընդդիմությունը՝ ի դեմս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, պարզ և բոլորի համար հասկանալի ցույց է տալիս քայլերի այն հաջորդականությունը, որոնց շնորհիվ հնարավոր է հաղթահարել ճգնաժամը և դուրս գալ զարգացման ճանապարհ:

Կոտայքի մարզում ԲՀԿ առաջնորդը հանգամանորեն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտին, առավել կարևորելով այս ոլորտը, որովհետև այն ապահովում է հարյուր հազարավոր աշխատատեղեր, և ապահովում երկրի պարենային անվտանգությունը, ինչը ռազմավարական նշանակության հարց է: Ծառուկյանը հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պետությունը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի գյուղատնտեսությամբ զբաղվելու և այս ոլորտի զարգացման համար:

Ծառուկյանը կետ առ կետ ներկայացրեց, թե ինչ նկատի ունի նպաստավոր պայմաններ ստեղծել ասելով: Առաջինը նա կարևորեց գյուղատնտեսության նախարարության վերականգնումը, քանի որ այդ նախարարությունը պետք է զբաղվի գյուղոլորտի զարգացման քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ: Հաջորդ կետը բանկային համակարգի բարեփոխումն է, որը ըստ Ծառուկյանի՝ լոմբարդային է, վարկերի տոկոսադրույքն այնքան բարձր է, որ հնարավորություն չի տալիս գյուղացուն շահույթ ստանալ և զարգացնել իր տնտեսությունը: Ծառուկյանը շարունակում է պնդել, որ գյուղատնտեսության համար բանկային տոկոսադրույքը չպետք է գերազանցի տարեկան 2-3 տոկոսը, և կառավարությունը պետք է համագործակցի կոնկրետ բանկի հետ, որը կապահովի գյուղատնտեսության մատչելի ֆինանսավորումը:

Հաջորդ խնդիրը, որը պետք է լուծվի գյուղատնտեսությունը մրցունակ դարձնելու համար ոռոգման ջրի մատչելիության ապահովումն է: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ զրկվում են ոռոգման ջրից, միայն այն պատճառով, որ չեն կարողանում վճարել ջրի վարձը, որը մեկ հեկտարի հաշվարկով 100 հազար դրամ է: Ծառուկյանը հայտարարեց, որ ոռոգման ջրի վարձը պետք է լինի սիմվոլիկ՝ հազար դրամ մեկ հեկտարի համար:

Գագիկ Ծառուկյանի տրամաբանությունը և հաշվարկը շատ հստակ է. Հայաստանում տարեկան մատակարարվում է 17 մլն դոլարի ջուր, սակայն հավաքվում է ընդամենը 5 մլն դոլարը, մնացած տարբերությունը սուբսիդավորվում է պետության կողմից: Եթե պետությունը հնարավորություն ունի սուբսիդավորելու 12 միլիոն դոլարը, ապա շատ հեշտ կարող է սուբսիդավորել մնացած 5-ը, դրանով թույլ չտալով, որ գյուղացիները հսկայական վնաս կրեն:

Ավելի պարզ ուղղակի հնարավոր չէ բացատրել. տուր գյուղացուն մատչելի վարկային միջոցներ, տուր մատչելի ոռոգման ջուր, ապահովի նրա համար իրացման շուկա, և գյուղացին կպահի ոչ միայն իրեն, այլ նաև կկերակրի ամբողջ երկիրը և դեռ մի բան էլ կարտահանի:

Հ.Գ. Հանդիպման ժամանակ Ծառուկյանը անդրադարձավ նաև Հայաստանին արդեն գրեթե 33 տարի հուզող մի ցավոտ հարցի. 1988թ Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացմանը: Բոլորին հայտնի է, որ տասնամյակներ շարունակ աղետի գոտում մարդիկ ապրում են տնականերում, կենցաղային ու կոմունալ նվազագույն պայմաններից զրկված․ Ծառուկյանը ներկայացրեց նաև այդ խնդրի լուծման իր տարբերակը՝ պետք է կառուցել 50 բարձրահարկ, և տնակներում բնակվողներին ապահովել նորմալ բնակարաններով:

«Եթե Ծառուկյանը կարող է չորս ամսում 20 շենք կառուցել, միթե պետությունը չի կարող 2 տարում 50 շենք կառուցել»,-գրեթե հռետորական հարց հնչեցրեց Ծառուկյանը: Թե գյուղատնտեսության, թե Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման ծրագրերը ներառված են ԲՀԿ ծրագրում, և դրանք շատ կարճ ժամանակում կյանքի կկոչվեն, եթե ԲՀԿ-ն ունենա քաղաքական մեծամասնություն, և կարողանա կառավարություն ձևավորել: