Search
Close this search box.

Սկզբից Մեղրի կժամանեն ադրբեջանցի և թուրք ճանապարհաշինարարները․ ինչ է սպասվում, եթե Ադրբեջանին Մեղրիով երթևեկելու ճանապարհ տանք

Պատմեմ, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանին Մեղրիով երթևեկելու ճանապարհ տանք:
Ուրեմն, ճանապարհը կառուցելու համար, սկզբից Մեղրի կժամանեն ադրբեջանցի և թուրք ճանապարհաշինարարները և նրանց անվտանգությունն ապահովող անձինք:

Շինարարությունը երկար կտևի: Ճանապարհաշինարարներին ու նրանց անվտանգությունն ապահովողներին կմիանան վերջիններիս ընտանիքների անդամները: Նրանց տնավորելու համար Ադրբեջանից և Թուրքիայից կներգրավվեն նոր շինարարներ, իրենց ընտանիքներով հանդերձ: Ամեն ընտանիքում երեխաներ կլինեն, որոնց դպրոց է անհրաժեշտ և ուսուցիչներ: Մեղրի, իրենց ընտանիքներով հանդերձ, կժամանեն նաև ուսուցիչները:

Այդ մարդկանց անհրաժեշտ կլինի բուժսպասարկում: Մեղրիում հիվանդանոց կկառուցվի, որտեղ կաշխատեն կրկին Ադրբեջանից և Թուրքիայից Մեղրի ժամանած բժիշկները, որոնք ևս ամուրի չեն լինելու: Այդքան ժողովրդին պետք է կերակրել և, ըստ այդմ, կբացվեն ադրբեջանական կամ թուրքական ծագում ունեցող մթերային խանութներ, գործարաններ, ենթակառուցվածքներ: Թվարկածս կառույցներում ևս կաշխատեն Ադրբեջանից և Թուրքիայից ժամանած մասնագետները:

Նրանք կրկին ամուրի չեն լինելու: Դրանց բոլորի հոգևոր պահանջները բավարարելու համար Մեղրիում կկառուցվի հոգևոր կենտրոն, որտեղ ամբողջ մուսուլմանական աշխարհից ուխտագնացություն կկազմակերպվի: Մի խոսքով, Մեղրիում տեղաբնակ չի մնա: Ահա այսպիսի պատկեր կունենանք, եթե Ադրբեջանին Մեղրիով երթևեկելու ճանապարհ տանք: Համենայնդեպս, սա վարկածներից մեկն է:
Իրավապաշտպան՝ Կարեն Հեքիմյան