Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիների՝ Ստեփանակերտում առևտուր անելու լուրերի մասին

Հայ գերիների հարցի վերաբերյալ ցանկացած քաղաքական շահարկում պետք է բացառել, քանի որ ծնողի համար, որի երեխան գտնվում է գերության մեջ, ամեն րոպեն դժոխք է: Այդ մասին ԱԺ-ում Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմայով քննարկմանն ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, ԱՀ ԱԻՊԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանը:

Նրա խոսքով՝ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է վերլուծություն կատարել առկա տեղեկատվության հիման վրա: Ավագյանը կարծում է, որ պետք է ստեղծել աշխատանքային խումբ, որը հանրությանը կտրամադրի ինֆորմացիա՝ պետական գաղտնիք չպարունակող, որ քաղաքացիները հասկանան՝ ինչ է կատարվում: Դա, ըստ նրա, կօգնի, որ բոլորը չզբաղվեն գերիների հարցով:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին, թե գերիների խնդիրը լուծված է, Բորիս Ավագյանն ասաց, որ, օրինակ՝ եթե 62 շիրակցիները, ըստ ադրբեջանական կողմի, ահաբեկիչներ են, ապա ի՞նչ հիմքով են նրանցից 8-ը վերադարձվել Հայաստան: Նա նշեց, որ Ադրբեջանը պետք է ի վերջո հասկանա, որ խնդրին ռացիոնալ լուծում է անհրաժեշտ՝ մեր տղաները պետք է վերադառնան հայրենիք:

Ինչ վերաբերում է տարածվող լուրերին, թե ադրբեջանցիները «ազատ շրջում են» Ստեփանակերտում, Ավագյանն ասաց. «Բացառում եմ, որ որևէ ադրբեջանցի կարող է գալ Ստեփանակերտ և առևտուր անել, դա ֆեյք լուր է: Չգիտեմ՝ ո՛վ է տարածում նման կեղծ տեղեկությունները, բայց նրանցով պետք է լրջագույնս զբաղվել: Եթե նման բան լինի, ես անձամբ նրանց կգերեվարեմ: Նման դեպք չի կարող լինել, քանի որ լավ իմանալով արցախցիներին՝ իրենք «կգերեվարեն», ես էլ չեմ հասցնի, նրանք չեն կարող թույլ տալ, որ ադրբեջանցին շրջի Ստեփանակերտում»: