Search
Close this search box.

Ա՜խ էս նուռը, որ դրված ա տանս` հենց նույն նկարի կողքին ու ամեն անցնելիս հիշեցնում ա իր հիշատակ լինելը…

2019-ի աշնանն էր, հատուկ Հայաստան եկա, որ գնամ Էդոյիս մոտ, առաջին անգամ նրան պիտի համազգեստով տեսնեի ու թե ինչ էի զգացել իր բանակ գնալուց, ինչքան էի լաց եղել հեռու լինելու մտքից` գիտեի միայն ես։
Հասնելուց հետո, մոտ երկու ժամ սրտատրոփ սպասում էի, որ դուրս գա դարպասներից։ Վերջապես թույլտվություն ստանալուց հետո, հեռվից երևաց իմ հզոր, աչքիս մի քանի անգամ ավելի մեծ, ավելի բարձրահասակ դարձած, թիկնեղ ու կարոտով լիքը աչքերով իմ Էդոն։

Էդ գրկախառնությունը, աշխարհի ամենատաք բանն էր, որ երբևէ զգացել էի, իսկ իր անուշ բույրը ամենաարդյունավետ միջոցն էր մի տարում հոգիս ավիրած կարոտը մեղմելու համար։
Ինքն էդ օրը ուրիշ էր, չէի հասկանում բանակն էր ավելի լուրջ դարձրել, թե ուղղակի տխուր էր, բայց փոխվել էր շա՜տ …

Չնայած էն բանին, որ ներսումս զգացմունքներս իրար էին խեղդում, մոտավորապես այսպես` ուրախությունը կարոտին, կարոտը նորից բաժանվելու վախին, վախը` հուզմունքին, ես փորձում էի շատ կատակել ու տրամադրություն ապահովել։
Ասացի Էդո, որ զորացրվես էդ գլխարկդ ու գոտիդ ինձ կբերես, ես կպահեմ, ընկերուհի-մնկերուհի չգիտեմ` իմն ա … ) Ծիծաղեցինք, մեղադրվեցի ապագա վատ տալ լինելու մեջ, բայց խոստացավ…

Միասին նկարի նուռը գնեցինք, ասաց` ըհըն էս էլ քեզ հիշատակ, միանգամից ուղղեցի` հիշատակ չի դմբո` հուշ ա, ու հիմա …. Հիմա էս նուռը …. Ա՜խ էս նուռը, որ դրված ա տանս` հենց նույն նկարի կողքին ու ամեն անցնելիս հիշեցնում ա իր հիշատակ լինելը…
Իրեն հրաժեշտ տալուց, երբ վերջին, ամենավերջին անգամ գրկեցի, չգիտեմ , իսկապես չգիտեմ ինչպես, ինչ որ ներքին ձայն ասաց, որ վերջինն ա, ես ինձ մտովի էնպիսի ապտակ հասցրի, որ համարձակվել էի նման բան մտածել ու որոշեցի ուղղակի մոռանալ …

Մեքենան շարժվեց, ես դեռ շարունակում էի ապակուց նայել իր գեղեցիկ հասակին ու նորից կարոտել այնպես կարծես չէի էլ հանդիպել, նայեցի այնքան մինչև էլ չերևաց …
Ես գնացի անվերջ սպասելու իմ հավերժին, հավերժ մնալով գերի մի զգացմունքի, որի անունն ա անբուժելի կարոտ…

Մելի Ենոքյան