Search
Close this search box.

Բանակից խուսափածները ամեն զորակոչի դիմաց կվճարեն նոր գին

Ազգային ժողովը քննարկում է «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած անձանց մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց, որ առաջարկում են մինչև 2017 թվականը դեկտեմբերի մեկը դիմելու և Հայաստան գալու հնարավորություն տալ արտերկրում ապրող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից և որոնց 27 տարին լրացել է:
«Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմաբ յոււրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար: Մենք բազմաթիվ դիմումներ ենք ստացել, ունենք շատ քաղաքացիներ, ովքեր տարբեր պատճառներով բացակայում են երկրից և ուզում են վերադառնալ»,- ասաց Աճեմյանը:
Յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար արտերկրում գտնվող 27 տարին լրացած քաղաքացին կարող է վճարել 200 հազար դրամ և վերադառնալ Հայաստան: Այս գումարի չափը նախագծով բարձրացվում է կրկնակի անգամ, նախորդ օրենքով 100 հազար դրամ էր:
Աճեմյանի խոսքով՝ այս օրենքն արդեն փոփոխվել է ութ անգամ, քանի որ պահանջարկը կա: Թեև առաջարկվում է մինչև այս տարվա դեկտեմբերի մեկը դիմել, բայց օրենքն ուժի մեջ է լինելու մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, որպեսզի հետագայում ցանկացողները ևս կարողանան դիմել:
Աճեմյանն ասաց, որ անցած տարիներին հարյուրավոր քաղաքացիներ օգտվել են այս արտոնությունից, վճարել ու վերադարձել են Հայաստան: Պետական բյուջե մոտ 8 մլրդ դրամ գումար է վճարվել: Կառավարությունն առաջարկել է, որ սահմանված գումարի չափը պետք է բարձրացնել, սկզբում սահմանվել էր ամեն զորակոչի համար 500 հազար դրամ չափը: Սակայն պատգամավորներն ընդդիմացել են, որոշել են կանգ առնել 200 հազար դրամի վրա:
«Մենք ոչ թե մտածում ենք բյուջեն լցնել, այլ մտածում ենք այդ մարդկանց համար պայմաններ ստեղծել: Բայց պետք է նայենք, արդյոք դա ազնիվ է այն տղաների հանդեպ, ովքեր ծառայել են: Եթե մարդիկ ուզում են հետ վերադառնալ, օրենքով նախատեսված այս գումարները պետք է վճարեն: Դա պետք է անեն, որպեսզի քրեական հետապնդումից խուսափեն»,- նշեց նա: