Search
Close this search box.

Հայ-չինական ( կորեական, ճապոնական ) դարավոր բարեկամությունը վտանգված է. Կարեն Հեքիմյան

Հայ-չինական ( կորեական, ճապոնական ) դարավոր բարեկամությունը վտանգված է: Դա ասում եմ ամենայն լրջությամբ: Ով չգիտի, ասեմ, որ ըստ մամուլում հայտնված, չհերքված և, ըստ այդմ փաստի կարգավիճակ ստացած տեղեկությունների, ԵՊՀ պրոռեկտոր Ի.Ա.-ն ( չշփոթել հայտնի մուլտհերոս իշուկի հետ ), ցուցաբերելով սոցիալական անպատասխանատվություն, ԵՊՀ-ից նոութբուք տանելու անհաջող փորձ է իրականացրել: Փորձը կանխվել է: Սրանով կարելի էր ավարտել: Սակայն, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:

Ավելին, սա շատ մութ պատմություն է:
Նախ, Ի.Ա.-ն նախկին ԿԳՄՍն Հարությունյան Արայիկի մոտ ընկերն է: Եվ ամենակարևորը` Ի.Ա.-ն, առայժմ և հիմնականում ԵՊՀ-ի շրջանակներում, հայ-չինական ( կորեական, ճապոնական ) հարաբերություններ կարգավորիչն է ( չշփոթել փոխարինիչի հետ ): Սակայն, ո՞վ գիտի: Միգուցե շուտով Ի.Ա.-ն դեսպան նշանակվի, ասենք Մյանմայում կամ Սիկտիվկարում: Ի դեպ, Ի.Ա-ն նաև «Հայ-չինական բարեկամության դպրոցի» հոգաբարձու է: Այսինքն, կազմակերպում է հայ և չինացի երեխաների միջև բարեկամությունն ու տարաբնույթ փորձի փոխանակումը:

Անձամբ ինձ անհանգստացնում է Ի.Ա.-ի նախասիրությունների համադրումը: Նա, լինելով սոցիալապես անպատասխանատու, անտարբեր չէ չինացիների, կորեացիների և ճապոնացիների հանդեպ, իմանալով հանդերձ, որ վերջիններս չեն սիրում սոցիալական անպատասխանատվության և ոչ մի դրսևորում: Սակայն, եթե Ի.Ա-ն գիտի արևելյան ազգերի սոցիալական անպատասխանատվության ժխտողականության մասին, ապա Ի.Ա.-ի հետ շփվող այդ ազգերի ներկայացուցիչները չգիտեն վերջինիս՝ սոցիումի նկատմամբ անպատասխանատվության մասին: Ավելին, նրանք չգիտեն, որ Ի.Ա.-ն ԵՊՀ-ից նոութբուք տանելու անհաջող փորձ է իրականացրել: Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի միջին վիճակագրական ճապոնացու հետ, երբ նա իմանա, թե ում հետ գործ ունի: Մի խոսքով, մեղք են չինացիները, կորեացիները և, առավելևս ճապոնացիները: Հասկանալով այդ ամենը, նամակներ եմ նախապատրաստում Չինաստանի, երկու Կորեաների և Ճապոնիայի պաշտոնական ներկայացուցիչներին: Դրանց կկցեմ Ի.Ա.-ի վերաբերյալ մամուլի հրապարակումների պատճենները: Թարգմանությունների համար կդիմեմ հենց Ի.Ա.-ին:

Դե ի՞նչ, այսպիսով ստանձնում եմ հայ-չինական ( կորեական, ճապոնական ) դարավոր բարեկամությունը փրկելու գործառույթը: Կարծում եմ, որ կհաջողեմ:

Կարեն Հեքիմյան