Search
Close this search box.

«Ժողովուրդ». Իրավապահները ՊՆ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ մեկը մյուսի հետևից հետախուզումներ են հայտարարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահները ՊՆ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ մեկը մյուսի հետեւից հետախուզումներ են հայտարարում: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2008թ. մայիսի 14-ի թիվ 584 հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացում արձանագրվել են չարաշահումներ:

Մասնավորապես զոհված (մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները կաշառք տալու հարցի շուրջ համաձայնություն են ձեռք բերել ՊՆ իրավասու պաշտոնատար անձի հետ, որպեսսզի իրենց գործը առաջ տանեն: Արդյունքում՝ նշված հանձնաժողովի կողմից տարբեր անձանց օգտին կայացվել են որոշումներ, եւ առանձնապես խոշոր չափի կաշառքներ են փոխանցվել հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ.Հարությունյանին:

Նախաքննությամբ բացահայտվել է, որ մի դեպքում կաշառքը թողել են ավտոմեքենայի սրահում, մեկ այլ դեպքում՝ փոխանցել միջնորդի միջոցով: 5 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից մեկի՝ հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ. Հարությունյանի (ներկայումս՝ նախկին պետ) նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նկատենք, որ 2017 թվականի ընթացքում ՊՆ երկրորդ պաշտոնյայի նկատմամբ է, որ հետախուզում է հայտարարվում: 2017 թվականի ապրիլից հետախուզում է հայտարարվել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ, փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանի նկատմամբ, եւ 7 ամիս է անցել, սակայն նրան դեռ չեն գտել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: