Search
Close this search box.

Մամ, Ապերն անպայման կգա, երբ Լուսինը դեղնի… Մայրը բարձրացրեց գլուխը, ձեռքերով մաքրեց աչքերն ու շրթունքները ձգեց՝ գնա, քնի, տղաս… Գայանե Պողոսյան

Կարմիր Լուսին

Նվիրում եմ փոքրիկ Էդգարին, որի եղբայրը՝ Ալեքս Պողոսյանը, քաջաբար ընկավ 44-օրյա պատերազմում Հայրենիքը պաշտպանելիս:

Լուսինը կարմիր էր: Որ լուսինը դեղներ, ամեն ինչ առաջվա նման կլիներ: Ապերը կզանգեր, Սկզբում կխոսեր տատի հետ, հետո մամայի, հետո պապայի, վերջում հեռախոսը կտային իրեն, Ապրերը կասեր՝ ոնց ես կտրիճ Դավո, կասեր՝ քեզ համար զինվորական գլխարկ եմ բերելու: Եթե Ապրեը զանգեր, մաման դուրս կգար ննջասենյակից, տատը առաջվա պես քաղցր հալվա կպատրաստեր ու հեքիաթ կպատմեր քնելուց առաջ, հենց թեկուզ Ոսկե ձկնիկի ու ագահ պառավի մասին:

-Գնա, քնի,- տատի ձայնն էր: Նա աթոռն զգուշորեն հրեց սեղանի տակ ու ասաց.

-Նստած դանթում ես:

Առհասարակ, բոլորը տանը զգույշ էին շարժվում: Երբ Լուսինը կարմրեց, բոլորն սկսեցին զգույշ շարժվել ու շշկուկով խոսել: Ու ամեն ինչ մի տեսակ ուրիշ դարձավ, առաջվա նման չէր: Առաջ լիներ, տատը կասեր՝ արի, մուրաբայով մածուն կեր, նոր քնի: Կապույտ ծաղիկներով թասի մեջ մածուն կլցներ, վրան բալի մուրաբա, մուրաբան կծորար, մածունը կարմիր կներկեր՝ քաղցր ու համով: Հետո տատը կօգներ, որ հանի շորերը, արանքում մի քանի անգամ հաստատ կպաչեր քիթն ու թաթիկները…

-Սոված եմ, տատ,- ասաց Դավիթը շշուկով: Քոռանամ՝ քթի տակ հառաչեց տատն ու գնաց խոհանոց: Քիչ անց վերադարձավ՝ պանրով բրդուջը ձեռքին: Դավիթն ուզում էր ասել՝ մածուն կուտեի մուրաբայով, բայց տատի ունքերն էլի հավաքվել էին քթի մոտ, կոպերը թաց էին ու պսպղում էին, դրա համար էլ Դավիթը սիրտ չարեց խոսել ու սկսեց կրծել բրդուջը: Հորած պանրով էր: Տատը գիտեր, որ ինքը հորած պանիր չի սիրում, բայց երևի մոռացել էր ու լավաշի մեջ ահագին հորած պանիր էր լցրել…Դավիթը բրդուջը դրեց սեղանին, մոտեցավ մոր ննջարանի դռանը ու կիսաբաց ճեղքից նայեց ներս: Մոր դեմքը չէր երևում: Նա նստել էր Ապերի զինվորական համազգեստով նկարի առաջ ու ինչ-որ բան էր խոսում: էս վերջերս մայրիկը միշտ նստած էր Ապերի լուսանակարի մոտ, ոչ գործի էր գնում, ոչ գոռում էր, երբ ինքը ցեխոտ խոշիկներով մտնում էր խոհանոց, որ մրգի կողովի միջից բանանան վերցնի, ոչ էլ հայրիկի վրա էր փնթփնթում, որ սարքի լոգարանի ցնցուղը:

Մոր դեմքը չէր երևում: Ծոծրակին ամրացված հյուսքը քանդվել էր, ծամկալները ծռմռված դուրս էին պրծել մազերի արանքից: Դավիթն սկզբում որոշեց ներս մտնել, բայց սիրտ չարեց:..Եթե մոր մազերը առաջվա պես շաղ տված լինեին, ու մոր հագին լիներ էն սիրուն, կարմիր, փայլուն գիշերանոցը, հաստատ ներս կմտներ, բայց մայրը սև շորով էր, ու հյուսքն էլ կախ էր ընկել ծուռտիկ…

Դավիթը մոտեցավ լուսամուտին: Հայրը տանձի ծառի մոտ կանգնած՝ ծխում էր, ու ծխից պոկվեց պեծերը լուսնի պես կարմրում էին հանգչելուց առաջ: Ավելի լավ է քնի, մեկ է՝ ոչ ոք չի գալու իր մոտ, ոչինչ չի խոսելու: Քաշքշելով մի կերպ ազատվեց շորերից, անկողնու մոտ դրված գիշերազգեստը հագավ թարս ու շիտակ ու պառկեց՝ հայացքը լուսնին: Երբ առաջին անգամ նկատեց, որ լուսինը կարմիր է, նստած էր ներքնահարկի լուսամուտին: Ինքը երբեք կարմիր լուսին չէր տեսել, թեև ներքնահարկի լուսամուտն իր ամենասիրած տեղն էր, ու հազար անգամ ոտքերը պատին հենած՝ նայել էր աստղերին: Լուսամուտը մեծ գոգ ուներ, այնքան մեծ, որ Դավիթը հանգիստ տեղավորվում էր այնտեղ, մեջքը հենում էր աջ պատին, ոտքերը դնում ձախին ու նայում վերև, որտեղ լուսինն էր՝ իր խմորոտ երեսով: Տատը գիտեր, թե որտեղից են Լուսնի աջ այտին հայտնվել խմորի գնդիկները: Նա անցյալ տարի պատմեց, երբ Դավիթը ավելի փոքր էր ու սիրում էր ձեռքը մտցնել տատի հունցած խմորի մեջ: Տատը կլորիկ գնդերը մեկիկ-մեկին սեղանին շարելով՝ ասաց.

-Մեկ էլ ձեռքդ մտցրիր ալյուրի մեջ, խմորոտ ձեռքով կշպպացնեմ թշիդ, լուսնին երեսի պես լաքա կմնա:

Դավիթը նայեց Լուսնին:

-Ուշադիր նայիր լուսնի աջ այտին, տեսա՞ր խմորը: Նա էլ քեզ պես խանգարել է իր տատին խմոր հունցելիս, հունից հանել է, տատը խմորոտ ձեռքով ապտակել է Լուսնին ու այլանդակել նրա սիրուն դեմքը:

— Է, թող Լուսինն էլ տաք ջրով լվացվի ու խմորը մաքրի,- ասաց Դավիթը՝ Լուսնի խմորոտ դեմքը մի լավ զննելուց հետո:

-Չի մաքիվի,-կարճ կապեց տատը:

-Ինչի՞ որ,- զարմացավ Դավիթը,-որ էն անգամ իմ երեսին խմոր էր քսվել, ջրով լվացինք, մաքրվեց:

-Խմոր քսվելն ուրիշ բան է, տատի ապտակն՝ ուրիշ,- տատը գնդերի վրա խոնավ շոր փռեց:

… Այդ օրը, երբ Լուսինը կարմրել էր, տատը էլի խմոր էր անում, որ լավաշ թխի: Լուսինն էնքան կարմիր էր, որ երեսի լաքան չէր երևում:

-Տատ, Լուսնի երեսը կարմիր է,- ասաց Դավիթը: Տատը կապել էր վարդագույն ծաղիկներով գլխաշորը, զոլավոր խալաթի թևքերը ծալել մինչև արմունկներն ու եռանդով հունցում էր խմորը:

-Տատ, Լուսինը ջերմություն ունի երևի,-կրկնեց Դավիթը՝ այս անգամ ավելի բարձրաձայն: Տատը նայեց լուսամուտին, հետո մոտեցավ, բացեց փեղկն ու ասաց.

-Քոռանամ ես, հեչ լավ կարմիր չի, Անիկ մամը ասում էր՝ կարմիր Լուսինը դժբախտություն է բերում: Երկրաշարժի տարին Լուսինը էլի կարմիր էր: Իջնում էր դեզի գլխին, ոնց որ ուզենար դեզը կրակի տար:: Նեմեցի կռվին էլ իմ հորը կարմիր Լուսինը տարավ: Հենց կարմիր Լուսինը դուրս էր գալիս, Անիկ մամը չոքում էր Խաչի առաջ ու երկտակված, գլուխը գետնին քսելով՝ խոսում էր Աստծո հետ: Բայց մեկ է, կարմիր Լուսինը տարավ հորս:

-Ուր տարավ, տատի…,- Դավիթը բան չէր հասկանում տատի պատմածից:

-Ախպերդ կրակի բերան է, մի քանի ամիս բան մնաց, անփորձանք ծառայի, տուն գա…

Տատը խոսում էր քթի տակ, առանց Դավիթին նայելու, ասես՝ ուրիշի հետ էր խոսում: Կարմիր լուսինն ի՞նչ կապ ունի Ապերի ծառայելու հետ: Տատը լրիվ գժվել է:

-Որ սկսի դեղնել, չարքը կգնա…

-Ո՞վ պիտի դեղնի, տատի, չարքը ի՞նչ է:

-Լուսինը…Լուսինը, որ դեղնի, փորձանքը երկնքից չի իջնի հողին: Որ քիչ-քիչ կարմիրը բացվի, դառնա շիկավուն, հետո դեղնի…

Տատը խոնավ շորը գցեց գնդերի վրա ու ասաց.

-Առաջ ընկի, բոլորը քնած են, մենակ դու ես բայղուշի պես արթուն: Մի մատ երեխա ես, քնի, էլի, պարտադիր է աչքերդ չռած նայես, թե ոնց եմ գնդում…

Տատը գրկեց Դավիթին ու տնքալով առաջ ընկավ:

-Ծոցդ եմ քնելու,- ասաց Դավիթը, երբ տատը ընթացքի մեջ համբուրեց այտն ու հանգցրեց միջանցքի լույսը: Տունը թաղվեց խավարի մեջ:

-Մոտդ եմ քնելու,- կրկնեց Դավիթը,- Որ լուսինը դեղնի, կգնամ իմ տեղերը:

Լուսինը ցածրացել -կպել էր Նորիկենց տանիքին.. ու չէր դեղնում: Ինչքան նայում էր, էլի առաջվա պես կարմիր էր: Դավիթըը ամուր փակեց աչքերը, որ լուսինը չէրևա: Սեդան ասաց՝ Ապերն էլ չի գալու: Ո՞նց չի գալու: Ովքեր բանակ էն գնում, մի օր գալիս են՝ հագին զինվորական համազգեստ ու գլխարկ: Բա որ չի գալու, գլխարկը ո՞նց է տալու իրեն: Երևի Սեդան մամային էլ է ասել, որ Ապերն էլ չի գալու, դրա համար էլ մամայի հյուսքը ծռվել է ու կախ ընկել՝ ծուտիկ ծամկալներով: Դավիթն իջավ անկողնուց ու վճռական գնաց դեպի մոր ննջարանը: Երբ ներս մտավ, մայրը գլուխը դրել էր սեղանին ու ննջում էր:

-Մամ, Ապերը անպայման կգա, երբ Լուսինը դեղնի…

Մայրը բարձրացրեց գլուխը, ձեռքերով մաքրեց աչքերն ու շրթունքները ձգեց:

-Գնա, քնի, տղաս- ասաց ու նորից գլուխը դրեց սեղանին: Տեսնես ժպտաց, թե՞ լաց եղավ, երբ շրթունքները ձգեց՝ մտածում էր Դավիթը, երբ փորձում էր ծածկվել վերմակով:

Գայանե Պողոսյան