Search
Close this search box.

Վարչապետը Ծառուկյանին մեղադրեց ստվերի մեջ

«Այսօր կառավարությունը և ՊԵԿ-ը գործում են այն օրենսդրական դաշտում, որոնք ձևավորել եք դուք»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով Ծառուկյան դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: Պատգամավորը բարձրացրել էր ՓՄՁ-ներին հարկային ստուգումների ենթարկելու հարցն ու հարցադրում արել՝ հնարավո՞ր չէ արդյոք ՓՄՁ-ին ազատել հարկերից:

Վարչապետն Առինջ մոլի առևտրականների ստուգումների վիճակագրություն ներկայացրեց.
«Մենք ասել ենք՝ ՓՄՁ-ին մինչև 110 մլն դրամ շրջանառության պարագայում պարզեցված հարկ ենք տալիս: Բայց այդ պարագայում այդ բիզնեսը պետք է հաշվառվի: Առինջ մոլում գործում է 748 սուբյեկտ, որից 151 սուբյեկտի շրջանառությունը մինչև 1 մլն է, 208-ինը՝ 1-3 մլն է, 204-ինը՝ 3-5 մլն է, 140-ինը՝ 5-10 մլն, 30-ինը՝ 10-20 մլն է, 7-ինը՝ 20-30 մլն, մեկինը՝ 58 մլն, և 58 մլն-ից ավելի ևս մեկ կառույց: Մենք ընդամենն ասում ենք՝ ժողովուրդ ջան, մենք գալիս ենք հաշվառումն ապահովենք: Եվ հաշվառման ժամանակ, եթե այդ թվերն եք, ձեր մոտ հարկային որևէ բեռ չի փոխվելու: Այդ 748 սուբյեկտներում աշխատողների թիվը 338-ն է: Այսինքն՝ մի կառույցում 0.4 մարդ է աշխատում», ասաց Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ եթե ԱԺ-ն օրենք ընդունի, որ ՊԵԿ-ը չպետք է ստուգի ու հաշվառում անի, իրենք պատրաստ են դա անել: Ըստ նրա ՝ խոսքն այն մասին է, որ ՀԴՄ-ները պետք է խփեն, եթե հաշվապահի խնդիր կա, անվճար կառավարությունը կտրամադրի: Եթե այս վիճակագրությունը ճիշտ է, ըստ վարչապետի, որևէ մեկի վրա հարկային լրացուցիչ բեռ չի լինելու:
«Ձեր ձեռն ա, եկեք հայտարարենք՝ Առինջ մոլը կամ իքս մոլը եկեք չստուգենք: Բայց դուք ասել եք՝ հաշվառում արեք, որպեսզի մենք բիզնես ցեպոչկան հասկանանք: Մենք դա ենք անում ընդամենը, թող ՀԴՄ խփեն»,- նշեց նա:
Վարչապետը նաև հարցադրում արեց՝ ինչո՞ւ պետք է իրենք Առինջ մոլի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենան: «Ո՞նց ա ձեզ թվում, մենք ի՞նչ այլ նպատակ ունենք, ինչ այլ նպատակ կարող ենք ունենալ, որ հատուկ վերաբերմունք ունենանք այդ մոլի նկատմամբ»,- ասաց նա: