Search
Close this search box.

«Ասում են՝ 6 ամիս անցել ա, դու պիտի արդեն հանգստացած լինես, բայց 6 ամիս անցել ա, ես իմ երեխու ձենը չեմ լսել, չի զանգել, չի ասել` մամ ջան, մեռնեմ սրտիդ»

Մհեր Մուշեղի Գրիգորյանը ծնվել է 2002 թ. ապրիլի 10-ին, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում,  9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է  Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, եղել՝ լավագույն սաներից մեկը:

ArmLife.am-ի հետ զրույցում Մհերի մայրը պատմում է, որ վարժարանն ավարտելուց հետո որդին գործերը տվել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, սակայն ամուսնու հետ պատահած ավտովթարից հետո ստիպված էր աշխատել. «Ամուսինս 7 ամիս անկողնային ռեժիմում էր, տան միակ աշխատողը ամուսինս էր, աղջիկս անչափահաս էր, ասացի՝ բալես գնա քննությունների, ասաց.«Չէ մամա,  ես չեմ կարա, կգնամ բանակ՝ կգամ հետո կսովորեմ, որ մեռնեմ էլ պիտի սովորեմ»: Մի տարի աշխատել է, ինձ օգնել, մի տարի հետո երեխես զորակոչվեց բանակ: 40 օր եղել է Մարտունի 2-ում,  հետո տեղափոխել Դաշկեստան»:

Մայրը պատմում է, որ երբ պատերազմը սկսվեց որդին վարորդ է եղել, հետո  նշանակվել հրետանավոր, վերջին անգամ որդու հետ զրուցել է հոկտեմբերի 10-ին. «Հոկտեմբերի 9-ին տրամադրությունը շատ բարձր էր, զանգեց ասաց. «Մամ ջան, հեռուստացույց նայում եք՝ ինչ են ասում», ասիմ՝ բալա, չգիտեմ, չեմ կարողանում նայել՝ վախենում եմ, ասաց.«Մամ ջան, դրանց հերներն անիծել ենք», հետո երբ տեսա, որ շարասյուն են ոչնչացրել, իրենք են եղել, վախենում էի, ասում էի՝ երեխեքի տեղը չիմանան՝ մի վնաս տան: Հետո հոկտեմբերի 10-ին զանգեց ասում էր. «Մամ ջան, մեռնեմ սրտիդ», ասում էի՝ մի ասա ըտենց բալես, ես պիտի մեռնեմ քո սրտին,  ասում էր. «Չէ, մամ ջան, լավ ա լինելու, չմտածես, շատ լավ ա լինելու»»- նշում է մայրը ու նկատում՝ վերջին հեռախոսազրույցի ընթացքում որդին անտրամադիր էր. «Ասաց. «Մամ ջան, լավ մնացեք», ասիմ՝ էս ինչ էս ասում Մհեր, ոնց լավ մնացեք. «Դե, մամ ջան, երբ որ կարողանամ կզանգեմ» ու էլ չզանգեց երեխես, վախը մտել էր  երեխուս մեջը՝ ձենը իմ դուրը չէր գալիս: Երբ երեկոյան էլ չզանգեց արդեն խառնվել էի իրար, բոլորին զանգում էի ասում ՝ գտեք երեխուն, ասում էին՝ անտառում ա…խաբում էին»:

Մայրը պատմում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, իսկ իրենք որդու մահվան մասին իմացել են հոկտեմբերի 22-ին. «Մեզ ոչ մեկը ոչ մի բան չի ասել,  ումը զանգում էինք ասում էին՝ լավ ա, լավ ա, բայց ասում էի՝ խաբում եք ինձ: Ման ենք եկել 57 օր հետ, ուր գնում էին, երեխուս նկարները տանում էին բաժանում դիահերձարաններին, ասում էի՝ մի ման եկեք, իմ երեխեն կա, իմ երեխեն ապրում ա, մի ման եկեք ըտեղ, բայց 57 օր հետո՝  դեկտեմբերի 4-ին գտանք ամբողջությամբ այրված՝ Հերացու դիահերձարանից, մի մեքենայի մեջ 7 հոգի են եղել՝ 2-ը վիրավոր , 4 -ը ամբողջությամբ այրվել են անօդաչու սարքից»:

Պատերազմի ժամանակ, որ զանգում էր, իրեն ասացինք, որ իր բոլոր ընկերները  ծառայում են, ասում էր. «Մամա, գտի Արմենին, գտի Գևորին, գտի, Դավոյին, Վահեին գտի», բոլոր ընկերների անունները հատ-հատ տալիս էր, ասում էր. «Գտի մամա», մաման բոլորին գտավ, բայց իրա բալին չկարողացավ գտնել:

Մհերը լավ տիրապետում էր ռուսերենին, անգլերենին, ֆրանսերեն էր սովորում, սիրում էր պատմություն, աշխարհագրություն, ուսումնասիրում հին հունական դիցաբանություն. «Չափից ավելի զուսպ էր, խելացի, չէր սիրում ավելորդություններ, չէր սիրում, որ շատ էին խոսում, ասում էր. «Էդքան չեն խոսում, գործ են անում, խոսքը պիտի գործ լինի, ոչ թե օդի մեջ մնա», շատ էր նվիրված ընտանիքին ու ընկերներին», -պատմում է մայրը ու նշում, որ որդին նպատակներ ուներ, ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր ուսումը շարունակել.«Տունը նոր էինք ձեռք բերել, պատերը շարեցինք, էլ չկարողացանք շարունակել, այդպես մնացել ա մինչև էսօր: Ասում էր. «Մամ, մի բան արեք, գոնե մինչև բանակից գալը պատերը գաջեք, մնացածը ես կգամ՝ կաշխատեմ, կանեմ»: Չկարողացավ: Ես չգիտեմ, իմ բալի տունը սարքեմ, թե ինչ սարքեմ»,-նշում է Մհերի մայրն ու արցունքներն իր մեջ խեղդելով նկատում՝ 4 կողմն անտարբերություն է:

«Ես չգիտեմ, էլ ումից ինչ սպասեմ, էսքան անտարբեր մարդու նկատմամբ ու կներեք բառերիս համար՝ թքած ունենան քո վշտի վրա, ես ուղղակի չեմ պատկերացնում: Ես իմ 18 տարեկան երեխուն տվել եմ, բոյով, ջանով, թիկնեղ, պարապում էր տունը, ասում էր. «Մամա, բիլակներս լցվել ա», ասում էի՝ հա, մեռնեմ քեզ, լավ պնդվել ա, պարապում էր, ասում էր՝ չթուլանամ… 3 ամսվա զինծառայողը, ինչ հրետանավոր կարող էր լինի, ինքը վարորդ էր, ամեն տեղ առաջատար ա եղել,  ուր գնացել ա, ես հպարտ, գլուխս բարձր ման եմ եկել, իսկ  էսօր իմ մեջքն են կոտրել: 18 տարեկան երեխեն՝ 3 ամսվա ծառայող, ինչ հրետանավորի մասին ա խոսքը, ասեք՝ հասկանամ: Արցախի նախագահի կողմից բերել են ինձ «Մարտական ծառայության»  մեդալ են հետմահու տվել, բայց  իմ թև ու թիկունքը, տան սյունը, տան ճրագը մարել է, ոնց ապրես: Ինչի տարան էս անմեղ երեխեքին կոտորեցին, ինչի պիտի մեր նմանի երեխեքը զոհվեին, ասում են՝ հերոսի մայր ես, գլուխդ բարձր պահի, ոնց բարձր պահեմ, երբ որ դու ամեն օր խեղդվում ես կարոտից, ասում են՝ 6 ամիս անցել ա, դու պիտի արդեն հանգստացած լինես, բայց 6 ամիս անցել ա ես իմ երեխու ձենը չեմ լսել, չի զանգել, չի ասել՝ մամ ջան, մեռնեմ սրտիդ»:

Մայրը պատմում է, որ Մհերը շատ ուշադիր էր բոլորի հանդեպ՝ ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների, քրոջ հանդեպ՝ առավել ևս. «Քրոջ ծննդյան տարեդարձին գիշերը զանգել էր, քույրիկը շատ հուզված էր, այդ պահից սկսած լացում էր, հետո երբ գիշերվա 00:00 ժամը եկավ՝ եղավ անակնկալ՝ սպիտակ վարդեր ու իր սիրած սմարթ ժամացույցը նվիրեց: Անսպասել էր ու շատ հաճելի, ամբողջ գիշեր քույրիկը ուրախությունից լացում էր ու շատ նեղված էր, որ  ծննդյան 17 ամյակին իր կողքին չի: Ու այս տարի էլ քույրիկը իր 18 ամյակը պիտի առանց իր հերոս եղբորը նշի»:

Ընտանիքը գտնվում է սոցիալապես  անապահով վիճակում, զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացված պետական աջակցությունից դեռ չեն օգտվել.«Ասում են՝ պիտի սպասեք, մենք էլ սպասում ենք,  երբ որ հերթը կգա, ուրիշ ինչ ճար ունեք»,-նշում է մայրը՝ ընդգծելով, որ կորցրել է հավատը. «Իմ հավատը կորել ա, Աստված չլսեց ինձ, երբ որ  ամեն օր գնում էի եկեղեցի, խնդրում էի, չոքում, աղերսում, որ բոլորի  բալեքին հասնի, ոչ մեկին ձեռք չտաս, էս պատերազմին վերջ տաս, Աստված չլսեց իմ աղոթքները, չլսես, չսիրեց ինձ, իմ բալին տարավ ինձանից»:

Ի դեպ, Մհերի դասընկերներից ևս 2 զոհվել են Արցախյան վերջին պատերազմում:

ArmLife.am