Search
Close this search box.

Օնիկ Գասպարյանը, անգամ դատարանի որոշման դեպքում, չի կարող վերականգնվել ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում․ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ

Վարչական դատարանում այսօր՝ ապրիլի 2-ին, մեկնարկեց ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով նախնական դատական նիստը։ Պատասխանողներ են ներգրավվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի ներկայացուցիչը հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել։

Նիստը նախագահում է դատավոր Մհեր Պետրոսյանը։ Նախագահի ներկայացուցիչը դատական նիստին չէր ներկայացել։

Ըստ ներկայացուցչի՝ սահմանդիրը չի նախատեսել իրավունքի ուժով ուժի մեջ մտած ակտերի վերանայման հնարավորություն։

«Այս թեզով մենք չենք հերքում անձի արդար դատաքննության իրավունքի իրացումը և ազատման իրավաչափությունը ցանկացած այլ ընթացակարգով վիճարկելու հնարավորության իրավունքը։ Սակայն սահմանադրական այս կառուցակարգի, այս կարգավորումների հիմքով այն չի կարող ենթադրել պաշտոնում վերականգնման հնարավորություն։ Իսկ ենթադրյալ աշխատանքային իրավունքների վերականգնումը կարող է իրականացվել օրենքով երաշխավորված բազմաթիվ այլ միջոցներով»,-նշեց նա։

Ի պատասխան պատասխանողի ներկայացուցչի՝ Գասպարյանի փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ այս հիմնավորումներով միջնորդությունը չի կարող օրինական հիմք լինել հայցի ապահովման միջոցը վերացնելու համար։

«Պատասխանողն ասում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու ակտը չեն կատարելու, որովհետև գտնում են, որ սխալ է կայացված, բայց, ամեն դեպքում ակտը պետք է վերացնի դատարանը, ապա արդյունքում ստացվում է, որ վերջնական դատական ակտն էլ չեն կատարելու, որովհետև գտնում են, որ իրավահարաբերություններ չկան, բայց դա հիմք չէ, որ Օնիկ Գասպարյանին ֆիզիկապես վերականգնեն աշխատանքի։ Իրենց հայցի ապահովման միջոց կիրառելու դատարանի որոշման չկատարումը բերում է նրան, որ ամեն օր դժվարանում է մարդու խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը»,-նշեց նա։

Դատական նիստից հետո Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո Օնիկ Գասպարյանը առնվազն մի քանի օր Գլխավոր շտաբում աշխատանքի եղել է․ «Հիմա լինում է, թե չի լինում կդժվարանամ մեկնաբանել։ Որոշ տեխնիկական գործընթացներ կան, որոնք անհրաժեշտ են ԳՇ պետին՝ արդյունավետ աշխատանքի համար, որոնք չեն կատարվում։ Այդ մասով հաղորդում ենք ներկայացրել Գլխավոր դատախազություն»,-նշեց Օրբելյանը։

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը նշեց, որ չի կարող պատասխանել լրագրողների հարցերին։ Միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հաջորդ նիստին։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խնդրելով առ ոչինչ ճանաչել իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021 թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ:

ՀՀ կառավարությունը մարտի 22-ին հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին, մինչդեռ, օրեր առաջ ՀՀ վարչական դատարանը, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Նշենք, որ վարչական դատարանի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։

Դեռևս փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ որոշում է կայացրել պաշտոնից ազատել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Նույն օրն, ավելի վաղ, ՀՀ զինված ուժերը պահանջել էին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։

Նշենք նաև, որ Օնիկ Գասպարյանը դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն. նա պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։