Search
Close this search box.

Հակառակորդը սահմանի ամբողջ երկայնքով խախտել է զինադադարի ռեժիմը. ապրիլյան պատերազմից հինգ տարի է անցել

«Հակառակորդը սահմանի ամբողջ երկայնքով խախտել է զինադադարի ռեժիմը,կան զոհեր,վիրավորներ…»,-այսպես գուժեցին ապրիլյան պատերազմը։ Ու մեկ-մեկ մտածում եմ` պատերազմը միայն մե՞զ համար է ստեղծվել։ Եվ ամեն անգամ պատասխան չեմ ստանում։
Այնքան շատ եմ ուզում, որ պատերազմը միայն մի հոգի լինի, որի դեմ կպատերազմեմ մենակ ես։ Ասում են, որ եթե մի բանի մասին շատ ես երազում՝ անպայման հասնում ես. ու ես մտածում եմ՝ մի՞թե մի թուրքի երազանք իմ երազանքից հզոր է։ Ո՛չ։ Ես դրան չեմ հավատում։ Իմ երազանքը մեր հերոս զինվորներն են փայփայել ու փայփայում։ Իմ երազանքի հայրենիքը ոչ ոք չի կարող գողանալ՝ ինչքան էլ պատերազմը համառի։

Մեկ-մեկ թվում է, թե պատերազմի տանն ենք ապրում, մինչդեռ պատերազմը տուն չունի. թափառում է՝ ամենաանտաշ քայլվածքով ու պահվածքով։ Պատերազմը նույնիսկ աչքեր չունի։ Նա ընտրյալ ժողովուրդների հետ է բախվում միայն։
Հինգ տարի է անցել 2016 թվականի ապրիլից։ Ցավը բազմապատկվել է, մեր երկրի ճակատագիրը` ողբով խմբագրվել։ Փառք ու պատիվ այն տղաներին, որոնց կյանքի գնով մենք այսօր կանք, ապրում և արարում ենք։ Խոնարհվում ենք նրանց վառ հիշատակի առաջ։ Նրանք ամենուր մեզ հետ են…

«Վարդանանք» թերթի խմբագրակազմ