Search
Close this search box.

Բանա՞կ, թե՞ գիտություն

Նման հարցադրումն արմատապես սխալ է: Երկուսն էլ Հայաստանի համար խիստ անհրաժեշտություն են, այն տարբերությամբ, որ բանակն աառաջնային է, որովհետև ապահովում է գիտությամբ զբաղվողի ֆիզիկական անվտանգությունը: Պետք է լինի և հզոր Հայոց բանակ, և արդյունավետ Հայոց Գիտություն: Հայոց բանակը շատ թե քիչ կայացել է, ինչի շնորհիվ կա Հայաստանը, կենդանի է մեզնից յուրաքանչյուրը:

Ի տարբերություն բանակի, գիտությունը Հայաստանում կազմալուծված ու կիսամեռ վիճակում է: Այդ վիճակում են Համբարձումյանի հիմնած աստղադիտարանը, որն այլևս չի կարող մրցակցել անընդհատ զարգացող արտամթնոլորտային աստղագիտության հետ, Ալիխանյանի հիմնած ֆիզիկայի ինստիտուտը, որի էլեկտրոնային արագացուցիչը շատ վաղուց է գիտական առումով հնացել, Մերգելյանի հիմնած հաշվիչ մեքենաների ինստիտուտը, բոլորը՝ այդ թվում մեծ ծախսեր չպահանջող հումանիտար ասպարեզի ինստիտուտները, որոնց մի մասը նույնիսկ մեռելածին է:

Հետևաբար հարց է ծագում, թե որտե՞ղ է պատրաստվում գիտական գործունեություն ծավալել դասադուլ անող ու գիտնական դառնալու ցանկություն ունեցող երիտասարդը: Ծագում է նաև երկրորդ հարցը. նա իր կյանքի երեք տարին է նվիրելու բանակին, իսկ տասնյակ տարիները՝ գիտությանը: Ինչու՞ է նրան անհանգստացնում այդ երեք տարվա խնդիրը (մանավանդ, որ այն նվիրված է լինելու Հայրենիքի պաշտպանությանը), բայց չի անհանգստացնում Հայաստանում գիտությամբ զբաղվելու անհեռանկարային իրավիճակը:

Թվում էր, թե այդ ապագա գիտնականներն առավել հզոր պայքար պիտի սկսեին ու կառավարությանը ստիպեին Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված ռեալ քայլեր ձեռնակել: Սակայն դա չեն անում: Նրանց առավել հուզում է այդ երեք տարին: Ինչու՞:

Որովհետև այդ ուսանողը (եթե նա իսկապես շնորհալի է) ունի իր ուղեցույց նախադեպերը, որոնք հուշում են անձնական հարցի հեշտ լուծումը: Նա գիտի Հայաստանի գիտության վիճակը և իր ներսում արդեն որոշում է կայացրել, որ «գիտնական կաշխատի» Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Ահա հարցի այսպիսի լուծման ֆոնի վրա էլ նա ափսոսում իր երեք տարին:

Այսօր Հայաստանում կրթություն ստացած հարյուրավոր տաղանդաշատ հայորդիներ են աշխատում աշխարհի հայտնի գիտական կենտրոններում: Կառավարությունն արդյո՞ք գաղափար ունի այն վնասների չափից, որ կրում է Հայաստանը ուղեղների արտահոսքի պատճառով:

Համլետ Մարտիրոսյան