Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախագահները հույժ գաղտնի որոշում են կայացրել. մանրամասներ հանդիպումից

Դեռեւս մարտի 25-ին հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ի սկզբանե նախագահները որոշել են, որեւէ հաղորդագրություն այդ մասին չտարածել, որեւէ ձեւով հանրությանը չտեղեկացնել այդ հանդիպման մասին: Սակայն Լեւոն Տեր- Պետրոսյանի «թիմը» հաջորդ օրը, բոլորի համար անակնկալ որոշել է նման հաղորդագրություն տարածել, որը նախագահների համար անսպասելի է եղել:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ, որի ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»։

Նախագահները տեսնելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը միայն տեղեկացրել է, թե հանդիպումը վերաբերվել է Արցախի հարցին, որոշել են արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջով հայտարարություն տարածել, նշելով որ հանդիպամն ժամանակ Հայաստանին վերաբերվող հարցեր եւս քննարկվել են:

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը: Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական»,-նշված էր հաղորդագրությունում։ Այսինքն Սերժ Սարգսյանի «թեւը» հատուկ շեշտել է, որ Հայաստանում առկա խնդիրները եւս քննարկվել են ու նման ձեւաչափով հանդիպումներ առաջիկայում նախատեսվում են:

Մենք տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են Հայաստանի քաղաքական իրավիճակը, արտահերթ ընտրությունների գնալու տարբերակներն ու ձեւաչափը, ինչպես նաեւ իշխանությունների դեմ պայքարելու ուղիները: Armlur.am-ը տեղեկացավ նաեւ, որ նախագահները հանդիպման ժամանակ հույժ գաղտնի որոշում են կայացրել ու միմյանց խոստացել են, որ դրա մասին անգամ իրենց ամենամտերիմներին չեն ասելու:

Արդեն քանի օր է՝ մենք փորձում ենք պարզել, թե ինչ որոշման մասին է խոսքը: Փորձեցինք նաեւ զրուցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի արձագանքում:
armlur.am