Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները ԱԽ շենքի մոտ լոլիկ և սոխ դրեցին, այրեցին Թուրքիայի դրոշը

ՀՅԴ անդամները Ազգային անվտանգության խորհրդի շենքի մոտ ակցիա էին իրականացնում։ Քաղաքացիներին զայրացրել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե՝ Թուրքիայի հանդեպ մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն։

Ակցիայի մասնակիցները շենքի դիմաց այրեցին Թուրքիայի դրոշը՝ վանկարկելով «առանց Նիկոլ», «առանց թուրքի» Հայաստան, ապա լոլիկ և սոխ դրեցին շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ այդ քայլով ցույց են տալիս, որ ազգային արժանապատվություն ունեցող մարդկանց համար Թուրքիան ու Ադրբեջանը թշնամիներ են և կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ պահանջատիրությունը չի հասել իր տրամաբանական ավարտին։

«Ազգային անվտանգության խորհուրդն իր գլխավոր քարտուղարով դարձել է Հայաստանում Թուրքիայի դեսպանատուն։ Իսկ խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այլևս կարող է հանգիստ ասել, որ Հայաստանում Թուրքիայի դեսպանն է»,- հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, հավելելով, որ փորձում են ուրացության մատնել հայ ժողովրդի պատմությունը։

«Այսօր պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող մարդկանց ստիպում են մոռանալ իրենց պատմությունը։ Իսկ դա անհնար է։ Հայ ժողովուրդը թույլ չի տա, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Թուրքիայի վիլայեթներից մեկը»,- ասաց Մանուկյանը։

Մանուկյանը մտավախություն հայտնեց, որ իշխանությունների հայտարարությունների նպատակը մեկն է՝ ապրիլի 24-ի նախօրեին աշխարհասփյուռ հայության, Հայ Դատի համառ պայքարը մարել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար։