Search
Close this search box.

«Կոլցո» օպերացիա Վիգեն Սարգսյանի շուրջ

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության դրեց  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

Մինչև քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ 120 գիտաշխատող և դասախոս միացել են ուսանողների պահանջին. «Ուզում եմ հիշեցնել, որ 4 ուսանող այս պահին գտնվում է  հացադուլի մեջ: Ելնելով ներկայացված մի շարք փաստարկներից «Ելք»-ը դեմ է քվեարկելու և կոչ ենք անում բոլորին դեմ քվեարկել: Դա հնարավորություն կտա մեզ կարճ ժամանակում լրամշակել օրենքը և նորը ներկայացնել:

Սակայն 86 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Դեմ քվեարկեց «Ելք» խմբակցությունը:

Փաստորեն, Պաշտպանության նախարարությունը վերջին ժամանակաշրջանում 2-րդ աղմկահարույց  օրենքն անցկացրեց: Իսկ նախարար  Վիգեն Սարգսյանն էլ, թե 1000 դրամների, թե  այս օրինագծի ընդունման ժամանակ հայտնվեց հանրության ուշադրության կենտրոն: Եվ եթե 1000 դրամների օրինագծի ընդունման ժամանակ կրքերն ավելի շուտ մարեցին, ապա այս դեպքում՝ ուսանողները, կարծես թե նահանջել չեն ցանկանում: Նրանք օգտագործեցին իրենց վերջին փամփուշտը՝ դիմելով հացադուլի:

Աղմկահարույց օրինագիծն ընդունվեց, բայց գնդակը դեռ շարունակում է մնալ Վիգեն Սարգսյանի խաղադաշտում: Հետաքրքիր է, թե ո՞րը կլինի նախարարի հաջորդ քայլը և կկարողանա նա՝  դուրս գալ ուսանողների ու նրանց աջակցողների «կոլցո» օպերացիայից: Օրենսդիր մարմնի կողմից, նախարարին աջակցելու ողջ պաշարը սպառվեց՝ օրենքի ընդունումով: Եվ փաստորեն, դասադուլի և հացադուլի շարունակման դեպքում՝ նախարարն արդեն միայնակ է գործելու այս օրենքին դեմ գնացող ուսանողների առաջ:

ArmLife.am