Search
Close this search box.

Մեր 18 տարեկան տղաների աչքերը հիմնականում բաց էին, նրանք շատ էին ուզում ապրել. Հրայր սարկավագը ռումբերի պայթյունների տակ փակել է տղաների աչքերը

Ջրականի (Ջաբրայիլ) Մարջանլու կոչվող տեղանքում ռազմաճակատը լիքն էր զոհերով։ Ռումբերի պայթյունների տակ Հրայր սարկավագը շրջում էր բաց դաշտում՝ փակելով զոհված տղաների աչքերը։ Ասում է՝ մեր 18 տարեկան տղաների աչքերը հիմնականում բաց էին, իսկ նրանք ամենաշատն էին ուզում ապրել։

Գնդերեցը նկատում է, թե այսօր մարդիկ կան, որ ասում են, թե իբր Ջաբրայիլում են եղել, մինչդեռ ինքը վկան է եղել, թե ինչպես են հարյուրավորները փախել ռազմաճակատից՝ 18 տարեկան զինվորներին մենակ թողնելով։ «Անհատներ են եղել, ովքեր իմ զինվորի ու սպայի կողքին եկան, մնացին, եւ այդ մարդկանց քայլած տեղերը ամբողջ կյանքումս պիտի համբուրեմ, բայց մենք մեր էրեխեքին մենակ թողեցինք։ Ավելի լավ էր՝ շատերը չգային, քան գային ու էրեխեքի միջով փախնեին գնային»,- նշում է Հրայր սարկավագն ու ավելացնում, թե չի դատում, բայց դա էր իրականությունը։ Հետո նկատում է, որ Ջաբրայիլի զորամասից մինչեւ իր զինվորների դիրքերը 20 կմ էր, բայց փախչողներն այդքանը ոտքով անցնել են զինվորների միջով. մի՞թե վախը չի փարատվել, մի՞թե չեն հավաքել իրենց։

Մեզնից փոքրերը մեզ օրինակ ցույց տվեցին։ Մենք պետք է այնքան ազնվություն ունենանք, որ մեր էրեխեքի թողած կտակն ընդունենք անվերապահորեն՝ իրենց ճանապարհով քայլելու համար։ Զինվորը, որ մինչեւ վերջ կռվել է, ինչո՞վ է պարտվել։ Պարտվել ենք այլ տեղում, չգիտեմ՝ որտեղ, բայց իմ տղերքը չեն պարտվել։ Թող ցույց տան, թե որտեղ ենք պարտվել, ես էլ ընդունեմ, բայց ոնց նայում եմ, հերոսապատում է, մեր էրեխեքը գերազանցեցին բոլորիս։

Շատ զգույշ պիտի լինենք, որ հանկարծ բանակին պարտվածի տիտղոս չտանք, որովհետեւ զգում եմ, որ պարտված վիճակով են նայում։ Զինվորը չի պարտվել։ Ես տեսել եմ, թե ոնց են մարտնչում…
Զինված ուժերի ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանը

hetq.am