Search
Close this search box.

Տնական ձուն՝ մինչև 150 դրամ. Արհեստական դեֆիցիտն առաջացնում են փոքր խանութներն ու առաքման ցանցերը

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Զատկի տոնին ընդառաջ խանութներում եռուզեռ է, Զատկի տոնի խորհրդանիշ ձուն էլ՝ դեֆիցիտ։ Սովորական օրերին 60-70 դրամով վաճառվող ձուն այսօր վաճառվում է 85-90 դրամով, իսկ տնական ձուն արդեն ռեկորդներ է սահմանում. տնական ձուն վաճառվում է 110-150 դրամով։
Քաղաքացիներն էլ, դժգոհելով, բայց մեկ է՝ տուփերով, տոնից մեկ շաբաթ առաջ արդեն մեծ քանակությամբ գնում են։

Ձվի գինը բարձրացել է այն պարագայում, երբ ոչ մի արտադրողի մոտ ձվի գնի բարձրացում վերջին օրերին չի եղել: Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը կարծում է, որ արհեստական դեֆիցիտ է ստեղծվում, և դա անում են փոքր խանութներն ու շահագրգռված երրորդ անձինք՝ առաքման ցանցերը, որոնք մեծ խանութներից անգամ սայլակներով ձու են գնում, ապա տանում և վերավաճառում են։ Ստեփանյանի խոսքով՝ արտադրողները ձուն բաց են թողնում 58-ից 63 դրամով, իսկ խանութներում դա վաճառվում է 90 կամ 100 դրամով, և ՏՄՊՊՀ-ն պետք է պարզի այդ շղթան։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս ասաց, որ խնդիրը ավելի շատ տնտեսվարողների մոտ է, ովքեր փորձում են մեկ-երկու օրվա մեջ հավելյալ գումարներ աշխատել։ Վիճակին նպաստում են նաև մարդկանց խուճապային գնումները, որի կարիքը բացարձակ չկա. «Ձու արտադրող ընկերությունները արդեն հավաստիացրել են, որ դեֆիցիտ չի լինի, ուղղակի փոքր խանութներն են փորձում առիթից օգտվել ու մի քիչ ավելի գումար աշխատել։ Իրենք գնում են ձուն և նոր գին սահմանելով՝ վաճառում են։ Հետևաբար, եթե խնդիր կա, ապա այդ խնդիրը առաջանում է վերջին օղակում՝ խանութում, և սպառողը պետք է ուշադիր լինի և ընտրի՝ որտեղից գնում կատարել»,- ասաց Չիլինգարյանը՝ ավելացնելով. «Ուղղակի մեր ժողովուրդն էլ հետաքրքիր վարքագիծ է դրսևորում։ Եթե իրենց 10 հատ ձու է պետք, գնում են ու 30-40 հատ են առնում ու դրանով արհեստական դեֆիցիտ են ստեղծում։ Եվ դա այն դեպքում, որ այդքանը չեն էլ սպառում։ Մի քանի շաբաթ պահում են ու հետո թափում։ Ամեն դեպքում՝ անկախ ամեն ինչից, հուսով ենք, որ դեֆիցիտ իսկապես չի առաջանա, ինչպես և խոստացել են արտադրողները»։

Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չի կարող ընկնել ու բոլոր մանր ու միջին խանութներում հսկողություն իրականացնել, որ ձուն արհեստական չթանկանա։ ՏՄՊՊՀ-ն վերահսկողություն է իրականացնում այնտեղ, որտեղ գերիշխող դիրք կա, մենաշնորհ կա։ Հետևաբար չի կարելի ասել, որ վերահսկողություն չկա։ «Կրկնում եմ՝ շատ մեծ է նաև մեր սպառողների ֆակտորը։ Ես գիտեմ սպառողների, ովքեր Զատկի համար արդեն 30-40 ձու են գնել։ Մինչդեռ դեռ մեկ շաբաթ ժամանակ կա, ու իրենք այդքան չեն էլ սպառում: Սրա պատճառով մնացածը ձու գնելու հետ խնդիր է ունենում, առկա ձվի գինն էլ բարձրանում է, ու բոլորը խոսում են ձվի դեֆիցիտի մասին։ Բայց մենք ձու նաև ներկրում ենք, վստահ եմ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում էլ կներկրվի, ու խնդիրներ չեն առաջանա»,- եզրափակեց Չիլինգարյանը։

ՏՄՊՊՀ-ից մեզ փոխանցեցին, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն խոշոր առևտրային ցանցերում ավելի քան 90 ապրանքների գծով, այդ թվում՝ ձվի ամենօրյա դիտանցումներ է իրականացնում: Ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացները գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի