Search
Close this search box.

ՍՈՒ-30 ինքնաթիռներն ու խոցման միջոցները միաժամանակ պետք է ձեռք բերվեին և տեղափոխվեին Հայաստան՝ այն արտադրող երկրում փորձարկվելուց հետո. Օհանյան

Պետք էր այնպես անել, որ բազմաֆունկցիոնալ նշանակությունն ամբողջությամբ գործի, ընդ որում՝ բոլոր խոցման միջոցները, որոնք նախատեսված են տվյալ համակարգի համար, պետք է ինքնաթիռի հետ միասին գային հասնեին Հայաստան։ Այս մասին ասել է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՍՈՒ-30 կործանիչների համար նախատեսված «աքսեսուարները» չէին հասցրել գնել՝ նախքան պատերազմը։ Գրում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ ՍՈւ 30 ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին և իրականացրել են վարժական թռիչքներ, դրանք օգտագործել իր անձնական PR-ի համար, սակայն պատերազմի ժամանակ պարզվել է, որ պիտանի չեն եղել կիրառման համար, քանի որ չեն ունեցել հրթիռներ։Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի մարտի 24-ին ԱԺ-ում հայտարարել է, թե բազմաֆունկցիոնալ ինքնաթիռի օգտագործման համար անհրաժեշտ բոլոր նրա ձեւակերպմամբ «աքսեսուարները» ինքնաթիռի հետ ձեռք չէին բերել, իսկ վարժանքների ժամանակ օգտագործել են այն հրթիռները, որոնք Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղել են։

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զենքի գնումն իրականացվում է միջպետական համապատասխան համաձայնությունների շրջանակներում։ Կոնկրետ նշված զինատեսակը, որոնք գնվել են Ռուսաստանից, իրականացվում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության համապատասխան պայմանագրերի շրջանակներում, մասնավորապես, զինված ուժերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանի համաձայն՝ ներկայացվում է հայտ և բանակցություններ են ընթանում։

«Խոսքը գնում է բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգի՝ ՍՈՒ-30 ՍՄ-ների մասին, որը հագեցված է համապատասխան համակարգերով, որոնք վերաբերում են ավիացիային, հետախուզությանը, ռադիոլոկացիոն գործունեության իրականացմանը, ռադիոէլեկտրոնային պայքարին և հարվածային խնդիրների իրականացմանը, այսինքն՝ սպառազինություն, հրթիռներ, արկեր, որոնցով պետք է խոցում իրականացնել։ Բանակցություններն ընթանում են ամբողջական կարգով, չի լինում այնպես, որ ինչ-որ մի համակարգի մի մասը գործի, մյուսը՝ չգործի։ Այսինքն՝ եթե բանակցվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել, ապա ՀՀ ռազմական ավիացիայի ՌԷՊ-ի, ՀՕՊ-ի, կապի, հետախուզության համապատասխան մասնագետները պետք է այդ ուղղությամբ բանակցեին և այնպիսի պայմանավորվածության գային, որ տվյալ համակարգն ամբողջությամբ հագեցված լինի՝ իր բոլոր խնդիրների իրականացմամբ»,- նշեց Օհանյանը՝ հավելելով, որ ինքը հրապարակումներից է տեղեկացել, որ ՍՈՒ-30 ինքնաթիռը ձեռք է բերվել առանց հրթիռների, այդպես չի լինում։ Նրա դիտարկմամբ՝ ճիշտ պայմանավորվածության շրջանակներում և՛ համակարգը, և՛ խոցման միջոցները միաժամանակ պետք է ձեռք բերվեն և հասնեն ՀՀ, ընդ որում՝ այդ ամենը փորձարկվում է այն երկրում, որից պետք է գնեն, այնուհետև, վաճառող երկրի մասնագետները տվյալ համակարգը բերում և մեր երկրում հանձնում են՝ մեր ԶՈՒ-երին, ամբողջ ընթացակարգը սա է։

Օհանյանը նկատեց՝ կառավարության ղեկավարի կամ առաջին աթոռին կառչածի պնդումները, թե իրենք ինքնաթիռներն ենք ձեռք բերել, հրթիռները չեն հասցրել, եթե նախկինները ինքնաթիռները ձեռք բերեին, իրենք կհասցնեին հրթիռները բերել, դա աբսուրդի ժանրից է։ Նրա խոսքով՝ եթե ինչ-որ բան փորձում են գնել, գնում են ամբողջությամբ։ Դիտարկմանը, որ, կարծես թե ՌԴ կառավարության որոշման համաձայն, ՍՈՒ-30 կործանիչների համար նախատեսված հրթիռները չեն կարող վաճառվել այլ պետության, Օհանյանն արձագանքեց՝ նշելով, որ իր պաշտոնավարման ժամանակ քննարկումներ եղել են, նման խնդիրներ չեն եղել, իսկ այժմ տեղեկություն չունի։

Այսպես, ռազմական ավիացիայի զարգացման խնդիրները քննարկվել են նաև Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, սակայն հիմնական շեշտադրումը եղել է ԱԹՍ-ների ձեռքբերման հարցը։ Մասնավորապես, Օհանյանը հայտնեց, որ իր պաշտոնավարման տարիներին քննարկվում էր ռազմական ավիացիայի զարգացման խնդիրները, նոր ավիացիոն միջոցների, նաև՝ ՍՈՒ-30-երի ձեռքբերման հարցը, հատկապես՝ ռադիոլոկացիոն համակարգի, ՀՕՊ, ՌԷՊ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում․