Search
Close this search box.

Ե՞րբ է պետք անցնել համակարգչային տոմոգրաֆիա կորոնավիրուսի ժամանակ

Համակարգչային տոմոգրաֆիան համարվում է առաջնային ու կարևոր հետազոտություն կորոնավիրուսային թոքաբորբի ախտորոշման հարցում: Արթմեդ բժշկական կենտրոնի ճառագայթաբան, համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետ Մարգարիտա Հարությունյանը, որ կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից աշխատում է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով, կարծում է, որ կորոնավիրուսի նոր փուլը Հայաստանում մարդիկ ավելի թեթև են տանում, չնայած նրան, որ բրիտանացի մասնագետները կանխատեսում էին, որ կովիդի նոր պիկի ժամանակ վարակվելիությունը լինելու է ցածր, մահացությունը՝ բարձր:

Բժշկուհի Հարությունյանը խորհուրդ է տալիս պացիենտներին կովիդի նախանշաններ ունենալու դեպքում ինքնուրույն չորոշել՝ պե՞տք է անցնել համակարգչային տոմոգրաֆիա, թե ոչ. “Համակարգչային տոմոգրաֆիան կովիդ թոքաբորբերի համար առաջնային է, բայց քանի որ այն ճառագայթում է հիվանդներին, կարևոր է այն կատարել ըստ կլինիցիստ գործընկերների ցուցումի: Բուժող բժիշկներն են որոշում՝ երբ արժե կատարել հետազոտությունը: Հիմնականում պացիենտնեին հետազոտում ենք գանգատների ի գայտ գալուց հետո 6-ից 7-րդ օրը, բայց եթե օրինակ մի քանի օր ինտենսիվ ջերմում են, ջերմությունը կայուն բարձր է 38 աստիճանից, հետազոտում ենք՝ չսպասելով 6-րդ օրվան: Ինչ վերաբերում է հետազոտությունը կրկնելուն, ապա, ըստ ուղեցույցների, մինչև 50 տոկոսը ախտահարված թոքերի դեպքում հաջորդ հետազոտությունը կատարում ենք 6 ամիս հետո, 50 և ավել տոկոս ախտահարման դեպքում հաջորդ հետազոտությունը սովորաբար կրկնում ենք 3 ամիս հետո”,- ասում է նա:

Սակայն պատահում է նաև, որ հետազոտությունը կրկնում են նույն ամսվա մեջ երկրորդ անգամ. “Հատկապես ուղեկցող հիվանդություններ ունեցող պացիենտների բուժման ժամանակ , որը միանշանակ կատարվում է կլինիցիստների ցուցումով:
Ծավալուն թոքաբորբերի ժամանակ նրանց հաճախ են նշանակում հորմոնոթերապիա, և հիվանդների մոտ շնչահեղձություն է առաջանում: Բարեբախտաբար սովորաբար պարզվում է, որ այլ բարդություններ թոքերում չկան, սպիեր են միայն՝ ֆիբրոզ ձգաններ, որոնց ներծծումը ժամանակ է պահանջում”,-ասում է նա:

Լինում է նաև, որ պացիենտները գալիս են հետազոտվելու կովիդի կապացությամբ ու հայտնաբերում են նաև այլ հիվանդություններ. “Oրինակ կարող են թոքի փոքր ուռուցքներ լինել, վահանագեղձի գոյացություններ, կրծքագեղձի խնդիրներ, իհարկե այս պարագայում խորհուրդ ենք տալիս նախ բուժել կովիդը, հետո զբաղվել նաև այս խնդիրներով”:

Մարդկանց նաև շատ է հետաքրքրում հարցը, թե արդյոք թոքային ախտահարումները հետագայում թոքի հետ կապված այլ խնդիրներ չեն ստեղծում. “ Ես նման դեպքի չեմ հանդիպել, սովորաբար զուտ ֆիբրոզներ են մնում, անգամ մեկ տարի հետո հետազոտելիս դժվար է հասկանալը, որ ֆիզրոզները կոնկրետ կովիդի հետևանք են, սակայն ցավոք, պացիենտների մոտ կովիդի արդյունքում այլ օրգաններում են խնդիրներ առաջանում՝օրինակ աղեստամոքային խնդիրներ, նյարդային խնդիրներ, սիրտ-թոքային բարդություններ, իսկ քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ նույնիսկ բուժման ֆոնին դիտվում է բացասական դինամիկա »,- ասում է նա: Բժշկուհին նաև մեկնաբանում է, թե ինչպես է լինում, որ թեստը բացասական է լինում, իսկ համակարգչային տոմոգրաֆիան կովիդ թոքաբորբ է ցույց տալիս. “Այո լինում են դեպքեր, այստեղ պատճառները մի քանիսն են, նախ ճիշտ ժամանակ չեն թեստը հանձնում, չեն պահպանում տեստավորման կանոնները , որոնք պացիենտին պետք է բացատրի բուժող բժիշկը, այդ իսկ պատճառով առանց բժշկի ցուցումի պետք չէ թեստավորվոել: Բացի այդ կարող է լինել դեպք, երբ ինչ ինչ պատճառներով ընկնում է անձի իմունիտետը ու մարդը վարակվում է կովիդ 19-ով: Նշեմ, որ մենք համակարգչային տոմոգրաֆիայով տեսնում ենք, որ վիրուսային թոքաբորբ է, բայց հստատկեցնելու համար, թե հատկապես ինչ վիրուս է, հաշվի ենք առնում նաև թեստի պատասխանը, քանի որ թոքաբորբը պարտադիր չի, որ կովիդի հետևանք լինի”: Փորձառու մասնագետը նկատում է, որ կովիդի հետ ուղղակի պետք է սովորել ապրել, միշտ հետևել հիգիենայի կանոններին. “Սա արհեսածին վիրուս է, որ աստիճանաբար մարելու է, մեր խնդիրն է ժամանակի մեջ առավելագույնս խուսափել վարակվելուց”,- եզրափակում է բժշկուհին ու նորից անցնում գործի, քանի որ դեպքերի աճը թույլ չի տալիս երկարատև կտրվել աշխատանքից:

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական/mednews.am/