Search
Close this search box.

Պետությունը վերացնում է գիտությունը, ոմանց բալիկներին բանակից փախցնելու համար

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում մեկ առ մեկ ներկայացրել է տարկետման իրավունքի վերացման վտանգները, ավելին այդ նախագիծը համարել է արշավ գիտության դեմ: Տնտեսագետը մասնավորապես գրում է.
Դարձյալ չի ստացվում լռել:
Տարկետման իրավունքի եղած կարգի վերացումը միանգամից մի քանի մտահոգություն է առաջացնում:
Առաջին. Եթե օրենքը գործում է բոլորի համար, ուրեմն թող չլինեն ՀՀ Կառավարության որոշմամբ սպորտսմեններին, կղերականներին և այլոց տրվող տարկետումները ևս: Հակառակ դեպքում՝ պետության մեսիջը հանրությանը հետևյալն է. մեր առաջնահերթությունը սպորտն ու եկեղեցին են, այլ ոչ՝ գիտությունը: Արդար լինելու համար թող բոլորը գնան բանակ, որից հետո կարող են զբաղվել սպորտով, եկեղեցուն ծառայելու գործով և այլն: Նույնը՝ արտերկրի համալսարաններ ընդունվողների համար: Ըստ որում, եթե հայտնաբերվեն բանակից խուսափած սրա-նրա երեխաներ, ապա հարկավոր է սահմանել քրեական պատասխանատվություն նման ՙՙգործեր սարքողների՚՚ համար ևս:
Երկրորդ, Այս ամբողջ աղմուկն իրականում ընդամենը 140 ասպիրանտներին է վերաբերվում: Այսինքն՝ պետությունը գտնում է, որ կարելի է աչք փակել ամեն տարի սրա-նրա մի քանի հազար երեխաներին, չէ՝ բալիկներին թաքստոց տանելու փաստի վրա, բայց գիտության բոլոր ոլորտներն իրար հետ վերցրած ընդամենը 140 տեղերը վերացնել: Գիտեք այս ամենն ինչի է նման. պետությունը չկարողացավ ՙՙստվերից՚՚ հանել օդի տուրքը, դրա փոխարեն այն տարավ – մտցրեց տոմսերի արժեքի մեջ: Հիմա՝ այնքան անզոր ենք զսպել զեղծարարություններն ու բանակից ազատված առողջ երիտասարդների փախուստը, կամ կանխել կեղծ գիտնականների նորօրյա փաղանգի ձևավորումը, որ փոխարենը կրճատում ենք երիտասարդ գիտնականների համար հատկացվող չնչին տեղերը: Իսկ մագիստրատուրայի տեղերն, օրինակ, Երևանի պետական համալսարանի բոլոր ֆակուլտետներում իրար հետ հարյուրի էլ չի հասնում: Ըստ որում՝ այդ տեղերը միայն տղաների համար չեն…
Երրորդ, Սահմանափակ թվով տարկետման իրավունքով մագիստրատուրայի և ասպիրանտական տեղերի վերացումը կամ դրա փոխարեն ՀՀ ՊՆ հետ երեք տարով պայմանագրի կնքումն, ըստ էության, վերջակետ է դնում գիտության սերնդափոխությանը: Եթե այսօր ինչ-ինչ խթաններ կան անկաշկանդ գիտությամբ զբաղվելու, ապա բանակից հետո գրեթե անհավանական խնդիր է ամուսնական տարիքի երիտասարդներին հացի խնդրի մտահոգությունից նպատակաուղղել դեպի գիտություն:
Չորրորդ. տարկետման իրավունքի վերացումը գիտության դեմ արշավանքի մի մասն է միայն: Ի գիտություն բոլորին՝ Հայաստանի գիտությանը տրամադրվող ծախսերը հասել են Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենանվաստատցուցիչ մակարդակի և կազմում են ՀՀ պետական բյուջեի ընդամենը կես տոկոսը /գործող օրենքն ի սկզբանե ամրագրել էր առնվազն երեք տոկոսի ֆինանսավորում/:
Հինգերորդ. Չորացնելով տնտեսության ծառը սնուցող գիտության արմատները, մեր պետությունը ստիպված կլինի ավելի թանկ վճարել օտար մասնագետներին, որոնց համար առանձնապես կարևոր չէ, թե որ անդունդը կգլորվի մեր տնտեսությունն իրենց խորհուրդներով կամ հայտնագործություններով: