Search
Close this search box.

Տարկետումը հանելուց հետո ունևորները կրկնակի եռանդով իրենց երեխաներին կփախցնեն դուրս` ուսանելու

Արտերկրում գտնվող քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը միանում է դասադուլ հայտարարած ուսանողների պահանջին.

Ներկայում գտնվելով արտերկրում հոգով և սրտով մեր ուսանողության լավագույն՝ երկրի ապագայի համար պայքարող, մասի հետ եմ: Դա այն երիտասարդներն են, ովքեր հասկացել են, թե դանդաղ գործողության ինչպիսի՜ ազգակործան ական է դնում Սերժ Սարգսյանի կոռումպացված վարչախումբը Հայաստանի ժողովրդագրական առանց այդ էլ չափազանց մտահոգիչ հեռանկարների տակ: Ճամարտակելով մինչև 2040 թիվը երկրի ազգաբնակչության թվաքանակը 4 մլն. հասցնելու մասին, վարչախումբը գործնականում պատրաստվում է անել քայլ, որը կբազմապատկի արտագաղթի ծավալները: Արդյունքում՝ բանակում ծառայողների թվաքանակը երկարաժամկետ կտրվածքով ոչ միայն չի ավելանա, այլ կպակասի, քանզի ծնողները հնարավորություններ կփնտրեն երեխաներին հեռավոր արտասահման փախցնելու և այնտեղ նրանց ուսուցումը կազմակերպելու համար: Հայաստանում կրոնական աղանդները վխտում են. և դրանց անդամակցելու միջոցով դժվար չէ մի երկրում, որտեղ իշխող կուսակցությունը <<ազգ-բանակի>> քաղաքականություն է վարում, եվրոպական կամ ամերիկյան որևե երկիր մուտք գործելու և այնտեղ ապաստան ստանալու հնարավորություն կորզել: Կան բազմաթիվ այլ հնարավորություններ, որոնցից այսօր էլ են օգտվում, բայց տարկետումը հանելուց հետո կրկնակի եռանդով են օգտվելու ունևոր խավի ներկայացուցիչներն՝ իրենց երեխաներին փախցնելու և արտերկրում նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով: Արդյունքում՝ բուհերում ուսանողների թիվը էլ ավելի կնվազի, իսկ դասախոսների կռճատումները կհասնեն աղետաբեր մակարդակի:
Պարզվում է, որ մեր բուհերի ուսանողները շատ ավելի խելացի են, քան դասախոսները, քանզի հասկանում են, թե ինչ հետևանքներով է հղի Վիգեն Սարգսյանի <<ազգ-բանակի>> քաղաքականությունն՝ իր գործնական դրսևորումներով: Բուհերի դասախոսները չեն շտապում միանալ ուսանողների բողոքին՝ չնայած ակնհայտ է, որ առաջին տուժողները հենց իրենք են լինելու. փակվելու են բազմաթիվ բուհական ամբիոններ, նույնիսկ ֆակուլտետներ, վերանալու են բազմաթիվ գիտական մասնագիտություններ: Մի խոսքով՝ բուհական գիտությունը Հայաստանում հիմնահատակ կկործանվի: Ուսանողների հայրենասեր մասը սա գիտակցում է և դուրս է եկել պայքարի, իսկ դասախոս կոչեցյալները հույսները դրել են բախտի քմահաճույքի վրա: Նրանք չարժեն պայքարող ուսանողների ոտքերի փոշիներին: