Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ՝ այսօր Երևանյան լճում հայտնաբերված դիակի մասին. սպանվածը մի քանի օր որպես անհայտ կորած որոնվոմ էր. 4 հոգի ձերբակալվել է

Այսօր՝ մարտի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Հախինյանի որոշմամբ ձերբակալվել են Երևանի բնակիչ, 54-ամյա Ջանիկ Վ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արմեն Ու.-ն, առանց բնակության վայրի 35-ամյա Սամվել Պ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ, 28 ամյա Թաթուլ Մ.-ն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջիններս կասկածվում են Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի 7-ից որպես անհայտ կորած, 38-ամյա Էդգար Ա.-ին սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարտի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Սաթինե Բ.-ն և հայտնել, որ մարտի 7-ին՝ երեկոյան, եղբայրը՝ Էդգար Ա.-ն, Երևան քաղաքի Գործարանային մետրոյի մոտակայքից անհայտ կորել է:

Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավթի, Մալաթիայի և կենտրոնական բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները սկսել են որոնողական աշխատանքներ և մարտի 19-ին Էդգար Ա.-ին սպանելու կասկածանքով նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ նրանցից մեկը խոստովանել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում, որից հետո Էդգար Ա.-ի դին նետել են գետը և այսօր Երևանյան լճում հայտնաբերվել է այն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Երևանյան լճում դի կա։

Ջրասուզակը լճից դին դուրս բերեց հատուկ ճոպանի միջոցով, և տեղում աշխատում էր դատական բժիշկը։