Search
Close this search box.

202 չնույնականացված դիակներն ու մասունքները եղբայրական գերեզմանոցում թաղելու հարցը դեռ չեն քննարկում

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից անցել է գրեթե 5 ամիս։ Պաշտպանության նախարարությունը, այս ամիսների ընթացքում, պատերազմում զոհվածների թիվը շարունակում է համարել գաղտնի տվյալ, մինչդեռ այդ թվի մասին և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը լավ գիտեն։ Գաղտնի համարելով հանդերձ՝ պաշտոնյաները տարբեր ամբիոններից զոհերի՝ մոտավոր թվեր են հնչեցնում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ զոհերի թիվը չի անցնի 4000։ Այդ մասին հայտարարեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ զոհերի թիվը չի անցնի 4000-ը, եթե նոր հանգամանք չբացվի։
LՈՒՐԵՐ.com-ը հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե նոյեմբերի 10-ին ավարտված պատերազմի զոհերի քանի՞ մարմին է նույնականացվել։ Պարզվում է, որ մարտի 9-ի դրությամբ Առողջապահության նախարարությունը նույնականացրել է 2050 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմին և մասունք:

«09․03․2021 թվականի դրությամբ առկա է 202 չնույնականացված մարմին և մասունք, որոնք պետք է ենթարկվեն կրկնակի փորձաքննության»,- տեղեկացնում են նախարարությունից։

Հարցին, թե ի՞նչ է տեղի ունենալու չնույնականցված մարմինների հետ և քննարկվե՞լ է եղբայրական գերեզմանոցում այդ մասունքները թաղելու հարցը՝ ի պատասխան մեզ տեղեկացրել են, որ 202 չնույնականացված մարմինները և մասունքները պահպանվում են համապատասխան պայմաններում` մինչև գործընթացի ավարտը, իսկ եղբայրական գերեզմանոցում թաղելու հարցն այս պահին չի քննարկվում:

Առողջապահության նախարարությունը հայտնել է 202 չնույնականացված մարմնի մասին, սակայն, այսօր համացանցում տարածվել է նաև տեսանյութ, որում երևում է «Սպայկա» ընկերության 5 մեքենա՝ կանգնած Մեծամորի դիահերձարանի բակում։ Հիշեցնենք, որ կան խոսակցություններ, թե սառնարաններում դիեր են պահվում և չեն տրվում հարազատներին։