Search
Close this search box.

Իսրայելում քրեական գործ է հարուցվել Բաքվի «խնդրանքով» հայկական դիրքերին ԱԹՍ-ով հարվածած ընկերության դեմ

Նոյեմբերի 13-ին Թել Ավիվի դատարանը արգելք է դրել այդ երկրի ընկերության մասնագետների կողմից 2017 թ. հուլիսին հայկական դիրքերին «Ադրբեջանի խնդրանքով» մահապարտ ԱԹՍ-ով հարվածելու գործով հետաքննությունից տեղեկատվության տարածման վրա: Քննությունը հանձնվել է Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքին: Այս մասին հայտնում են իսրայելական The Times of Israel և Haaretz պարբերականների կայքերը (1,2):
The Times of Israel-ի փոխանցմամբ՝ այդ երկրի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել Ադրբեջանի ԶՈւ համար իսրայելական արտադրության Orbiter 1K մահապարտ անօդաչու թռչող սարքի ցուցադրման ընթացքում այն հայկական դիրքերի վրա կիրառելու գործով: Ըստ պարբերականի՝ ոստիկանության հաղորդագրությունում նշվում է.

«Հետաքննություն է ընթանում Aeronautics Defense Systems Ltd. (ADS` խմբ.) ընկերության դեմ՝ կապված նշանակավոր գնորդի հետ գործարքի հետ»:

Հետաքննությունը վարում է Իսրայելի ոստիկանության «Լահավ 433» դեպարտամենտի Միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքը («Յահբալ»):

Haaretz պարբերականն իր հերթին ավելացնում է, որ ոստիկանության հետաքննությանը ներգրավված է նաև Իսրայելի պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ» պարբերականը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները իսրայելական ADS ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել էին նոր մահապարտ ԱԹՍ-ն «փորձարկել» հայկական դիրքերի դեմ։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել էին, բայց սարքը գործադրել էին պատվիրակության ղեկավարները: ADS-ը հերքում է այս տեղեկատվությունը:

Ավելի ուշ Իսրայելի ՊՆ ավտանգության և արտահանման վերահսկման դեպարտամենտը (Malmab) դեպարտամենտը սկսել էր հետաքննել միջադեպը:

Արդեն օգոստոսի վերջին Malmab-ը կասեցրել էր ADS-ի՝ արտասահմանյան պատվիրատու երկրներից մեկին Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը: Համադրելով այս տվյալները՝ կասկած չի մնում, որ խոսքը միևնույն միջադեպի մասին է:

razm.info