Search
Close this search box.

Հենց այստեղ էլ ծագելու է հետագա մեծ կոնֆլիկտը. Կարեն Հովհաննիսյան

Թուրքիայի, ավելի ճիշտ՝ Էրդողանի ձեռքերը գնալով երկարում են։
Էրդողանը կարողանում է օգտագործել իր լծակները և ռեսուրսները , որպեսզի առնվազն Օսմանյան կայսրության սահմանները գծի։

Դեռևս տաս տարի առաջ ես խոսում էի նրա մասին, որ Էրդողանը մտադիր է Թուրքիայի պատմության մեջ մնալ Աթաթուրքից ավելի ուժեղ ազգային գործիչ։ Նա՝ կրճատելով Աթաթուրքի պաշտամունքը, արձանների քանակը Թուրքիայում, անցել է ավելի գործուն քայլերի՝ խնդիրներ ստեղծելով բոլոր հարևանների հետ և խնդիրների լուծումը տեսնելով բացառապես տարածքային տարբերակով։

Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի երկրորդ ուժը, բայց խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հետ, Թուրքիան լավ հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ, բայց խնդիրներ ունի ՀԱՊԿ-ի անդամ ՀՀ-ի հետ, Թուրքիան լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, բայց վերջերս չթաքցրեց, որ տարածքային ակնկալիքներ ունի Վրաստանից։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, բայց այդպես էլ չի հրաժարվում Իրանի տարածքում քրդերին հարվածելու մտքից։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ, բայց Իրաքի հյուսիսում երբ ցանկանա ռազմական գործողություններ է իրականացնում։ Իսկ Լիբիայի և Սիրիայի մասին չխոսեմ, դրա մասին բազմիցս եմ ասել։

Լավ հարաբերություն ասվածը խիստ հարաբերական է, քանի որ Թուրքիան անգամ լավ հարաբերություն չունի Ադրբեջանի հետ։ Իրենց հարաբերությունները սկսվում են հայերի դեմ ռազմական գործողություններով և ավարտվում Ադրբեջանն ամբողջապես թուրքաֆիկացնելու տենդեցով։ Հենց այստեղ էլ ծագելու է հետագա մեծ կոնֆլիկտը։ Թուրքիան ամեն գնով կփորձի տիրանալ Ադրբեջանին, ինչը թույլ չեն տա այն երկրները, որոնք բիզնես շահեր ունեն Ադրբեջանի նավթարդյունաբերությունից, բայց դե Թուրքիայի համար կա մեկ միջոց՝ պատերազմ, որ հասնի իր նպատակին։

Այժմ Հայաստանը գտնվում է այն իրավիճակում, ինչի մասին տարիներ շարունակ հայտնում էի իմ մտավախությունը։ Ցավոք սրտի այսօր պատերազմն ավարտած համարողները կրկին այն մարդիկ են, ովքեր համարում էին, որ երբեք լայնածավալ պատերազմ չի լինի, առավել ևս Թուրքիան խաղի մեջ չի մտնի։
Այն, որ մինչև Ադրբեջանին տիրանալը Թուրքիան փորձելու է ցամաքային կապ հաստատել այդ երկրի հետ, ակնհայտորեն տեսնում է նաև ՌԴ-ն։ Եթե մի փոքր ուշադրություն դարձնեք ՌԴ-ի զորավարժությունների սցենարներին, ապա կտեսնեք, որ ՌԴ-ն ունի հստակ տեղեկություն, թե ինչ հնարավոր սցենարներ կարող է կիրառել Թուրքիան, և տալիս է հստակ ազդակ այդ զորավարժությունների սցենրաներով։ Մի օրինակ բերեմ, օդանավակայանի վրա հարձակման սցենարով զորավարժությունները, որոնք ճիշտ է, տեղի չեն ունենում Հայաստանում, բայց ուղիղ կապ ունեն նաև մեր իրավիճակի հետ։

Մենք մի փուլում ենք , որ պետք է հստակեցնենք մեր անելիքները, և չփորձենք մեկ այս կողմ, մեկ այն կողմ թռչկոտել, քանի որ այժմ մեզ հարկավոր է օդում կախված անորոշության ցրում, որպեսզի հետագա քայլերը չտանեն անդունդ։

Մենք պետք է դրսևորենք պետականամտություն և իշխանական աթոռը վեր չդասենք պետության շահերից ու առաջ շարժվենք բացառապես պետականության շահերից ելնելով։ Այն, որ Թուրքիան երկրար չի կարող այսպես վարվել, դա փաստ է, պարզապես մենք պետք է ամեն ինչ անենք, որ պահենք մեր պետականությունը և օգտվենք Թուրքիայի մասնատումից․․․

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյան