Search
Close this search box.

Մեր նպատակը Շուշին էր, և առանց մեկ կրակոցի ու զոհի վերադարձրինք նաև Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները․ Ալիևը դիմել է ադրբեջանցիներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ Նովրուզ Բայրամ տոնի կապակցությամբ մեկնել է Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես՝ Շուշի, որտեղ Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրում մեծ տոնական խարույկ է վառել ու դիմել ադրբեջանցի ժողովրդին:

Ինչպես նշում է Minval.az-ը, Ալիևի խոսքը մեծամասամբ նվիրված է եղել Արցախյան երկրորդ պատերազմին ու դրա արդյունքներին:

Ադրբեջանի ղեկավարը ևս մեկ անգամ հայտարարել է, թե իբր կանգնած է «հինավուրց ադրբեջանական հողի վրա և որ Շուշին պատմական ադրբեջանական քաղաք է»:

Խոսելով պատերազմում Շուշիի համար մղված մարտերի մասին՝ Ալիևն ասել է, որ «հայկական կողմն այդ մարտերում ունեցել է հարյուրավոր, միգուցե մինչև հազար զոհ»:

«Մեր նպատակը Շուշին էր: Պատերազմի ընթացքում «ազատագրվել է» (չակերտները-Tert.am) ավելի քան 300 գյուղ ու քաղաք: Մենք առանց գեթ մեկ կրակոցի ու զոհի վերադարձրինք նաև Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները: Այսպիսով, մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ «Ադրբեջանը երբեք չէր համակերպվել Արցախյան առաջին պատերազմում կրած պարտության հետ»: