Search
Close this search box.

ՖՈՏՈ․«Մայրիկիս հետ գնում էի եկեղեցի` Աստված պապիկին աղոթելու, որ պատերազմը շուտ ավարտվի, հիմա մենք տխուր ենք առանց հայրիկի» փոքրիկ Մանեի հուզիչ գրառումը

Նատաշա Պողոսյանը Մարտակերտի թիվ մեկ դպրոցի ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը ներկայացրել է ինը տարեկան փոքրիկի հուզիչ նամակը «ՄԵՆՔ ՏԽՈՒՐ ԵՆՔ ԱՌԱՆՑ ՀԱՅՐԻԿԻ» շարադրմամբ․

Այս փոքրիկ բալիկի կարոտաբաղձ խոսքերում տեսա այն բոլոր երեխաներին, ովքեր հայրիկներ են կորցրել: Արտասվախառն են, չափազանց հուզիչ մեր դպրոցի 4-րդ ա դասարանի աշակերտուհի Մանե Հակոբյանի տողերը, որ գրել է ամենալավ հայրիկի մասին:

«Իմ հայրիկի անունը Ռուսլան է։ Ես շա~տ-շատ եմ կարոտում հայրիկիս, իսկ նա զոհվել է: Որքա~ն կուզեի նորից տեսնել, գրկել, լսել նրա անուշ ձայնը։ Ես մեծ աղջիկ եմ, ինչպես ասում էր ինձ հայրս, ու հասկանում եմ, որ իր կյանքը տվել է հանուն մեզ, բայց ես կարոտում եմ հայրիկիս, ամե~ն-ամեն ինչ, նրա ժպիտը, նրա ծիծաղը, զիլ ձայնը… Սեպտեմբերի 27-ին իմ ծննդյան օրն էր։ Ես դարձա ինը տարեկան։ Հայրս պիտի գար, բայց չկարողացավ: Նա սպա էր, սեպտեմբերի 25-ից դիրքերում էր, ասաց, որ իմ ծննդյան օրը կգա տուն, բայց պատերազմը չթողեց: Հայրս միայն զանգեց ու շնորհավորեց: Հայրիկս շատ հոգատար էր իմ, քույրիկիս, մայրիկիս, տատիկիս, բոլորի նկատմամբ։ Ծառայության գնալիս մեզ համբուրում էր, երեխաներիս միշտ սովորեցնում, որ լինենք խելացի, ուժեղ, միասնական… Երբ մենք Երևանում էինք, հայրս ամեն օր զանգում էր, մեզ հետ խոսում: Միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է, չվախենանք, չլացենք…Մայրիկիս հետ գնում էի եկեղեցի Աստված պապիկին աղոթելու հայրիկիս, քեռուս ու մեր զինվորների համար, որ պատերազմը շուտ ավարտվի, վերադառնան տուն: Հայրս շատ էր սիրում իր զինվորներին։ Մինչև պատերազմն էլ տանը միշտ ասում էր, որ զինվորները իր երեխաներն են, ասում էր, որ ոչ թե երկու, այլ երեսուներկու երեխա ունի: Հորս ձայնը վերջին անգամ լսեցինք հոկտեմբերի 28-ի առավոտը։ Այդ օրը կեսօրին հայրս վիրավորվեց ու զոհվեց։ Մենք շատ տխուր ենք առանց հայրիկի։ Որ զանգում էր, միշտ ասում էր. «Մանե՛, իմ բալա՛, մայրիկին կլսես, լավ կսովորես, իմ աղջի՛կ»։ Ես հայրիկիս ասածները կկատարեմ, որ վերևից տեսնի ու հպարտանա ինձանով: Հայրս ուրիշ տեսակ էր՝ ամենալավը, ամենասիրելին… Տխուր է տունը առանց հայրիկի, մենք բոլորս կարոտում ենք: Ես ցանկանում եմ, որ է՛լ պատերազմ չլինի, որ ոչ մի բալիկ ինձ նման իր հայրիկին չկարոտի»։