Search
Close this search box.

«Կոմերսանտ»-ը Փաշինյանի վարկանիշի և քաղաքական ճգնաաժամի մասին

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանում առկա իրավիճակին: Ինչպես հայտնում է Tert.am-ը, հոդվածում մասնավորապես ասվում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երկրում կրկին սկսել են խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Համաձայն «Իմ քայլը» իշխող դաշինքում «Կոմերսանտ»-ի աղբյուրների՝ դրանք կարող են տեղի ունենալ արդեն մայիսին կամ հունիսին, եթե ընդդիմության կողմից հավանություն ստանան: Այժմ իշխանությունների հակառակորդները բարենպաստ են ընկալում ընտրությունների գաղափարը, բայց մանրամասների շուրջ հակասություններ դեռ կան. ոմանք պահանջում են, որ երկրում անցումային կառավարություն ստեղծվի դեռևս քվեարկությունից առաջ: Միևնույն ժամանակ, հարցումները ցույց են տալիս, որ նոր խորհրդարանում կայուն մեծամասնություն չի լինի, ինչը նշանակում է, որ անկայունությունը դեռ երկար կմնա:

Հայաստանի նախագահը, որը վերջերս դարձել է քաղաքական ճգնաժամի գլխավոր մոդերատորը, մարտի 13-ին դրա բոլոր մասնակիցներին հրավիրել է իր նստավայր: Այնուամենայնիվ, ոչ բոլորն էին եկել: Արդյունքում, Արմեն Սարգսյանի հետ սեղանի շուրջ էին Նիկոլ Փաշինյանը, նրա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Միևնույն ժամանակ, «Հայրենիքի փրկության շարժում»-ից իշխանությունների ամենաանհաշտ հակառակորդները բոյկոտել են հանդիպումը՝ դնելով տեսականորեն անընդունելի պայմաններ. Փաշինյանի հրաժարական և անցումային կառավարության ձևավորում՝ իրենց առաջնորդ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ:

Շաբաթ օրը կայացած բանակցությունների արդյունքում նախագահի մամուլի ծառայությունը տարածել է բավականին սուղ մամուլի հաղորդագրություններ, որոնցում կրկնվել է նույն միտքը.

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է քաղաքական ուժերի երկխոսության կարևորությունը, և որպես իրավիճակի լուծում ՝ արտահերթ ընտրությունների անցկացումը»:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և նրա «Իմ քայլը» դաշինքը ծայրահեղ հակասական հայտարարություններ էին անում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ` կամ գնալով դեպի դրանք, կամ, ընդհակառակը, մերժելով այս գաղափարը և դիմելով ժողովրդի կարծիքին: Մի անգամ նա նույնիսկ հարցրել է իր աջակցության երթի մասնակիցներին ընտրությունների մասին, և երբ ամբոխը հավանություն չի տվել, նա ասել էր, որ ընտրությունների թեման հանված է օրակարգից:

Բայց, ինչպես պարզաբանել են «Կոմերսանտ»-ի երևանյան զրուցակիցները, այժմ նրանք լրջորեն վերադարձել են դրան: Բեկումնային պահը Նիկոլ Փաշինյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի միջև կոնֆլիկտի կարգավորումն էր, որտեղ նախկինում հրաժարվում էին ընդունել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հեռացումը:

«Մենք պատրաստ ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ մայիս-հունիս ամիսներին, եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը համաձայնվեն դրան, անգամ հուշագիր պետք չէ. նրանք կարող են գոնե բանավոր աջակցել գաղափարին: Բայց մենք վախ ունենք, որ խորհրդարանական ընդդիմությունը կարող է տորպեդահարել այս գործընթացը ՝ լավ իմանալով, որ արտահերթ ընտրությունների արդյունքում նրանց ներկայացվածությունը պատգամավորական կորպուսում զգալիորեն կկրճատվի»,-ասել է «Կոմերսանտ»-ի աղբյուրը «Իմ քայլ»-ում:

«Մենք շարունակում ենք պնդել, որ արտահերթ ընտրությունները ներքաղաքական փակուղուց դուրս գալու միակ ելքն են»,- «Կոմերսանտին» ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Եվ նա անմիջապես ներկայացրել է իր սեփական հաշվարկները, թե երբ դրանք կարող են անցկացվել. «Եթե Փաշինյանը, օրինակ, ապրիլի 1-ին հրաժարական տա, ապա երկու շաբաթ անց խորհրդարանը կլուծարվի, և ընտրությունները կանցկացվեն ոչ ուշ, քան մայիսի 30-ը»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նույնպես հանդես է եկել արտահերթ ընտրությունների օգտին «ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար»:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում