Search
Close this search box.

ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող երկրորդ քրեական գործը. հանցակազմ չկա

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ իշխանությունների նախաձեռնած գործերը մեկը մյուսի հետեւից պայթում են։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՔԾ-ում կարճվել է նրա անունը շոշափող հերթական գործը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելուն զուգահեռ իշխանությունները փորձեցին ինչ-որ գործեր երկնել՝ նրան մեղադրանք առաջադրելու համար։ Դրանցից մեկը վերաբերում էր ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու արհեստածին գործին, թե, իբր, Արթուր Վանեցյանը կազմակերպված խմբի հետ ապօրինի զենք է պահել՝ ոչ ավել ոչ պակաս հենց ԱԱԾ-ում։

Մասնավորապես՝ ստուգվել էր ԱԱԾ սպառազինության բաժնի զինանոցը եւ «հայտնաբերվել» չգրանցված զենքեր, որոնք իրականում ԱԱԾ-ում եղել են՝ 90-ականներից սկսած։

Նկատենք, նշված զենքերը թեեւ գրանցված չեն եղել, բայց պատշաճ հաշվառված են եղել ԱԱԾ-ի գրանցամատյաններում եւ, ըստ անհրաժեշտության, օգտագործվել ադրբեջանցիների դեմ ռազմական գործողությունների ժամանակ։ Չգտնելով որեւէ այլ բան՝ իշխանությունները որոշել էին այդ զենքերը դարձնել քրեական գործի հիմք եւ «կոտրել» Վանեցյանի վրա։ Անգամ ձերբակալվել էր ԱԱԾ սպառազինության բաժնի պետը, ում պարտադրել էին ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ։ Հարցաքննության էր կանչվել նաեւ ԱԱԾ պաշտոնյայի կինը, որպեսզի վերջինս ազդի ամուսնու վրա՝ Վանեցյանի դեմ ցուցմունք տալու համար։

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ անցած շուրջ 8 ամիսների ընթացքում ՀՔԾ-ին չի հաջողվել ոչ միայն ցուցմունք ստանալ, այլ նաեւ որեւէ ապացույց գտնել՝ Արթուր Վանեցյանին եւ ԱԱԾ-ի մյուս աշխատակիցներին՝ ապօրինի զենքի դրվագով մեղադրանք առաջադրելու համար, ուստիեւ ՀՔԾ-ին ոչինչ չի մնացել, քան որոշում կայացնել բոլորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցները վերացնելու եւ քրեական վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում հունվարին կարճվել էր նաեւ մեկ այլ քրեական գործ, որը վերաբերում էր Ա.Վանեցյանի կողմից պաշտոնեական լիազորությունները ենթադրաբար անցնելու «դեպքին»։

ՀՔԾ-ն կրկին արձանագրել էր, որ Վանեցյանի գործողություններում բացակայում է հանցակազմը։