Search
Close this search box.

Էս երկրի դժբախտությունն այն է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները` հենց այն պաշտոնյաններն են, ովքեր տեռոր են անում փոքր բիզնեսին

«Նույնիսկ ԱՄՆ-ի նման հզոր տնտեսություն ունեցող երկրում՝  12 տոկոս ստվերային մաս կա, որն ընդունվել է դրական ստվեր և դրական գործոն՝ երկրի զարգացման համար: Հաշվի են առել, որ այդ 12 տոկոսի մեջ կան բազմաթիվ փախստականներ՝ այդ թվում նաև մեր երկրից գնացած, որոնք, դեռևս, հնարավորություն չունեն օրինական դաշտում աշխատելու և աշխատում են ստվերում: Եվ Միացյալ Նահանգների նման հզոր տնտեսություն ունեցող երկիրը՝ դա համարում է դրական ստվեր: Այսօր մենք ի՞նչ ենք ցանկանում անել, ո՞րն է մեր նպատակը: Մենք՝ հարկային տեռորով, ուզում ենք մեր քաղաքացիներին ուղարկենք բարենպաստ ստվերում աշխատեն, թե՞ մեր նպատակն է, որ մեր երկիրը զարգանա և յուրաքանչյուր հայ մարդ կարողանա իր հանապազօրյա հացը վաստակել»,-ԱԺ-ում իր մտահոգությունը հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ ընդգծելով, որ տոնավաճառների առևտրականները դեռ ապրիլից դիմում են խորհրդարանին՝ պաշտպանություն խնդրելով:

«Երբ մենք հարց ենք բարձրացնում, որ հարկային տեռոր կա երկրում, օրինակ Վայքում՝ փոքրիկ խանութներին տուգանում են, ՀԴՄ-ները` գլխանց անջատում, որպեսզի չաշխատեն, այնուհետև մտնում են մարդկանց տուգանում 300 հազար դրամով, երբ նրանց տարեկան շահույթը 300 հազար դրամ չի կազմում: Հիմա մեր երկրի այս հարկային տեռորի նպատակա ո՞րն է: Երբ մենք հարց ենք բարձրացնում՝ մեզ ասում են, որ անձնական հարց են բարձրացնում: Միգուցե պռոյեկտել են իրենց անձնական հարցերը: Էս երկրի դժբախտությունն այն է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները` հենց այն պաշտոնյաններն են, ովքեր տեռոր են անում փոքր ու մանր բիզնեսին: Հարկավոր է վերջ տալ այդ պրակտիկային, այլապես մենք երկիրն իսկապես կկորցնենք»,-ընդգծեց ԱԺ պատգամավոր Ս. Բագրատյանը՝ խորհրդարանին առաջարկելով հարցը մտցնել օրակարգ և ստեղծել քննիչ հանձնաժողով, որն ամենայն խորությամբ կուսումնասիրի նաև գազից ստացած մարժաները:

ArmLife.am