Search
Close this search box.

Ղարաբաղի գործոնն օգտագործվել է և՛ իշխանության զավթման, և՛ փողեր լվալու, և՛ համաշխարհային քաղաքականության ազդեցիկ գործիչներից շահաբաժիններ ստանալու նպատակով

Հարցազրույց արցախցի սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանի հետ

Ի՞նչ գնահատականներ կան Ստեփանակերտում 2020 թվականի պատերազմի արդյունքներից հետո, կան արդյոք դիմիադրության նշաններ և 1994 թվականի սահմաններին վերադառնալու մտադրություններ։

Գնահատականները տարատեսակ են․ Արցախի նախագահին՝ տարածքները հանձնելու մեջ Փաշինյանին օգնելու մեղադրանքներից մինչև Արայիկ Հարությունյանի հետ համաձայնվելը այն հարցում, որ պարտության հիմնական պատճառը արցախցիների պատերազմելու ցանկության բացակայությունն էր։

Կան նաև մարդիկ, ովքեր հավատում են, որ Փաշինյանին փաստի առաջ են կանգնեցրել, պարտությունը ծրագրված էր արտաքին ուժերի կողմից, ովքեր ապակազմակերպել են պաշտպանությունը, որպեսզի հակամարտության գոտում ամրապնդեն իրենց ազդեցությունը կամ ստիպեն վարչապետին հրաժարական տալ։

Իհարկե, շատերը հիշում են Միացման մասին և հուսով են, որ Ղարաբաղյան շարժման նպատակները, որը առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ բերել է հաղթանակի, պետք կյանքի կոչվեն։

Նույնիսկ փորձառու քաղաքական գործիչներն են ընդունում պարտության ծանրությունը, Հայաստանի և Արցախի մարդկային, ռազմական և տնտեսական կորուստները, ինչպես նաև հայկական կողմի սահմանափակ հնարավորությունները։ Խոստովանում են, որ 2020 թ նոյեմբերի 9-ի Հայտարարությունը փաստ է, որի հետ ստիպված ենք հաշվի նստել, սակայն հարցը դեռ վերջնականապես լուծված չէ, և Մինսկի գործընթացը դեռ չի ավարտվել։

Ժողովրդի և քաղաքական գործիչների մի մասը կատարվածի մեջ մեղադրում են Հայասատանի և Արցախի հիմնականում ներկա և նախկին իշխանություններին։ Մարդկանց մեծ մասը ստիպված է հացի խնդիր լուծել, հոգեպես ճնշված է, նվաստացված, ռազմական և տնտեսական ներուժը՝ արյունաքամ։

Արդիակա՞ն է Միացման գաղափարը և ինչպես է Ստեփանակերտը տեսնում հարաբերությունները Երևանի հետ։

Այո, որոշ քաղաքական ուժերի և գործիչների համար Միացումը հայության և հայկական պետության գերխնդիրն է։ Այդպիսի տրամադրություններ ակտիվորեն բարձրաձայնվում էին 2019 թվականի ընտրարշավների ժամանակ, հատկապես Սասնա Ծռեր կուսակցության ներկայացուցիչների կողմից, ովքեր Արցախը անվանում էին Հայաստանի մարզ։ Հայստանում կուսակցությունը դարձել է Ազգային-դեմոկրատական դաշինքի կորիզը, և նրա կարգախոսները կարող են դառնալ այն որոնվող երրորդ ուժը, որը հուսով են գտնել սփյուռքում։ Միացման կողմակիցներին պետք է դասել նաև բազմաթիվ նախկին դաշնակցականների, ովքեր կանգնած են Ղարաբաղյան շարժման ակունքներում։

Իհարկե, ներկայիս իրավիճակում պետք չէ ակնկալել Միացում մոտ ապագայում։ Իմ կարծիքով, այն մարդկանց ամբիցիաների, իշխանասիրության ու ագահության պատճառով, ովքեր 28 տարի նստած էին Հայաստանի ղեկին, մեզ չի հաջողվել հասնել Միացման, կամ գոնե ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման։ Ղարաբաղի գործոնը Հայաստանում և Արցախում օգտագործվել է և՛ իշխանության զավթման, և՛ դրա պահպանման, և՛ փողեր լվալու, և՛ համաշխարհային քաղաքականության ազդեցիկ գործիչներից շահաբաժիններ ստանալու նպատակով։

Սակայն պատերազմից խուսափելու համար Ղարաբաղյան հարցում զիջումների գնալը, ընդհանուրը փրկելու համար մի մասը զոհաբերելը պաշտոնական Երևանին բերեց պատերազմի և խայտառակության։ Այսօր Իլհամ Ալիևի սպառնալիքները Զանգեզուրի, Սևանի, Երևանի վերաբերյալ հնչում են ավելի համոզիչ և չարագուշակ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրի և կոմունիկացիաների բացման երևակայական առավելությունների փոխարեն մենք ստացանք նվաստացման նոր չափաբաժին, տարածքների կորուստ արդեն Հայաստանում, սրված ներքաղաքական ճգնաժամ, որը սպառնում է վերածվել կա՛մ հեղափոխության, կա՛մ պետականության կորստի։

Ինչ վերաբերվում է Երևանի հետ հարաբերություններին, ապա պաշտոնական Ստեփանակերտն այժմ կենտրոնացած է առաջնահերթ խնդիրների լուծման վրա, կապված 2020 թվականի պատերազմի հետևանքների վերացման հետ։

Պատերազմից հետո տեղի քաղաքական գործիչների և բնակչության զգալի մասը մեղադրում է Արայիկ Հարությունյանին պարտության մեջ, ի դեպ, ոչ ահիմն, և ձգտում է ստիպել նրան հրաժարական տալ և պատասխան տալ այս կամ մյուս հանցագործությունների համար։ Մի մասն անտարբեր է նրա նկատմամբ, իսկ երրորդը խումբը կարծում է, որ Հարությունյանի հրաժարականը երկիրը կբերի անիշխանության, որովհետև ընտրություններ կազմակերպելը ներկայիս իրավիճակում բավականին բարդ է։

Իրավիճակը և քաղաքական պայքարը Արցախում Հայաստանի քաղաքական պայքարի շարունակությունն է։ Հարությունյանը համարվում է Փաշինյանի բնական դաշնակիցը, միաժամանակ բնական հակառակորդը։

Ինչպե՞ս են զարգանում հարաբերությունները ռուս խաղաղապահների հետ, և որքանո՞վ է արդարացված Արցախում ռուսերեն լեզուն պաշտոնական դարձնելու նախաձեռնությունը։

Մարդկանց մի մասը, դրական վերաբերելով խաղաղապահներին, հիշում են «Օղակ» օպերացիան։ Մյուս մասի զգուշավոր վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ պարտությունը 2020 թվականի պատերազմում, Շուշիի և Հադրութի հանձնումը տեղի է ունեցել այդ թվում նաև ՀԱՊԿ դաշնակից Ռուսաստանի՝ հայերին և Հայաստանին դավաճանելու պատճառով։

Ընդհանուր առմամբ, խաղաղապահների հետ հարաբերությունները բարիդրացիական են, մեծամասամբ շնորհիվ խաղաղապահների, ովքեր հիմնականում պատասխանատու և քաղաքակիրթ են։ Արցախցիների մեծամասնությունը համակրում է Ռուսաստանին և ռուսներին, համոզմունքով, որ «այս իրավիճակում մեզ ոչ ոք չի պաշտպանի», «Հայաստանը, պարզվեց, անզոր է»

Ի տարբերություն մի շարք քաղաքական գործիչների և գիտնականների, բնակչության մեծ մասը դրական կամ չեզոք է վերաբերել ռուսերեն լեզուն պաշտոնական դարձնելուն։ Ես նույնպես հակված եմ դրա մեջ ավելի շատ դրականը տեսնելուն։

lragir.am