Search
Close this search box.

Աննա Հակոբյանին փոխարինեց Տեր Բագրատը

Մարտի 4-ին «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Այս մասին հայտնում են հիմնադրամից։

«Շնորհավորում ենք Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, մաղթում ուժ, կորով և արդյունավետ աշխատանքի ի շահ քաղցկեղ ունեցող երեխաների։

«Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› հիմնադրամի առաքելությունն է լինել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների և նրանց ընտանիքների կողքին և օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվար ճանապարհը։

Ներկա դրությամբ ‹‹Սիթի Օֆ Սմայլ›› բարեգործական հիմնադրամն աջակցել է շուրջ 400 շահառուի Հայաստանից, Արցախից՝ 2,5 տարվա ընթացքում տրամադրելով մոտ 700 մլն դրամ նրանց բուժման նպատակների համար։ Հիմնադրամն ամբողջությամբ հոգում է Հայաստանում բուժման ծախսերը՝ ներառյալ լաբորատոր հետազոտությունները, քիմիաթերապևտիկ դեղորայքը, ճառագայթային բուժումները, վիրահատական և այլ միջամտությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մինչ 2020 թվականի սեպտեմբերի 17-ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղցնում էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Իրավաբան.net