Search
Close this search box.

Հասկանում ե՞ք, սա ֆիլմ չէ, գիրք չէ․ մարմնի ամեն մի կետը ցնցող զգացմունք է

Այսօր ուզում եմ հատուկ հիշենք որդեկորույս մայրերին և այրիացած կանանց, որոնցից պատերազմը խլեց այն տղամարդկանց, որոնք պետք է այսօր առաջինը շնորհավորեին նրանց։

Առավոտյան աչքովս ընկավ մի վիդեո, որը, կարծես, հատված լիներ ֆիլմից․ մի աղջիկ այդ տեսանյութում հավաքել էր պատերազմում զոհված սիրած տղայի հետ իրենց լավագույն պահերը։ Սիրային չաթը, հումորները, զրնգուն ծիծաղը, թե ոնց էր իր անունը կետչուպով գրում ափսեի մեջ և այլն։ Պատկերացնում եք չէ՞ այսօր պիտի սրտատրոփ սպասեր այդ տղայի նվերին, նրա հետ սիրուն օրվա պլաններ մշակեին, բայց այսօր պետք է գոհանա միայն նրանից մնացած հիշողությամբ։

Ճանաչում եմ նաև երիտասարդ կնոջ, որի ամուսինը զոհվեց պատերազմում՝ իրենց առաջնեկի ծնվելուց մի քանի ամիս առաջ։ Չեք պատկերացնի, բայց դա կրկնակի ցավ է այդ հերոսացած տղու մոր համար, քանի որ նա կորցրել էր ամուսնուն արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ հիմա էլ հայրենիքին տվեց իր տղային։

Ընդհանրապես, որդեկորույս մայրերի պատմություններից, գրառումներից ցնդել կարելի է։ Գրեթե ամեն օր մի այդպիսի գրառում ես կարդում ու տեսնում, թե որքան անսահման ու խորն է մայրական սերը։ Երեկ մի որդեկորույս մայր` Աստղիկ Գալեյանը (կից լուսանկարում նա է իր որդու հետ) գրել էր, թե ոնց են ամուսնու հետ տուն վարձել տղայի զորամասի մոտ, ոնց է տղան եկել տուն, քնել, ինքը խնամքով ծածկել է տղային, նստել կողքին ու անթարթ նայել նրան։ Հասկանում ե՞ք։ Սա ֆիլմ չէ, գիրք չէ․ մարմնի ամեն մի կետը ցնցող զգացմունք է։

Չգիտեմ։ Ես շատ չեմ արտահայտվում, բայց շատ եմ ազդվում նման պատմություններից, խեղված ճակատագրերից ու այն անմարդկային ցավից, որոնք կրում են այդ մարդիկ։ Ոչ մեկ արժանի չի դրան։ Սա չպետք է լիներ։ Հատկապես այս օրերին այդ ցավն անտանելիորեն խոշորանում է։ Բարդ է այսօր շնորհավորել, օրինակ, Ալենի նման տաղանդավոր տղա ունեցող մորը ու փորձել ամոքիչ խոսքեր գտնել նրա համար։ Անհնար է Ալբերտ Հովհաննիսյանի մոր ցավը, ապրումները միչև վերջ հասկանալ։ Կամ՝ տղային քնած ժամանակ խնամքով ծածկող մորը փորձել պատմել ապագայի մասին։

Սիրելի մայրեր, այսօր որևէ մեկի շնորհավորանքը ձեր սրտին տեղ չի հասնի։ Ումից որ կուզենայիք լսել այդ շնորհավորանքը՝ նրանք այլևս չկան։ Չկան նաև այդ ցավն ամոքող խոսքեր։ Այնուամեյնանիվ, ուզում եմ վստահ լինեք, որ մենք կիսում ենք ձեր ցավը, որ մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ ձեր որդիներն արել են մեր բոլորի հայրենիքի համար ու մեղավոր ենք այն ցավի ու օրերի համար, որ դուք ապրում եք այսօր։

Մեզանից յուրաքանչյուրի համար մեծ պատիվ կլինի ձեր ընտանիքներին ծառայելն ու օգտակար լինելը։ Մենք պարտական ենք ձեզ։

Լրագրող Մանվել Քեշիշյանի ֆեյսբուքյան էջից