Search
Close this search box.

ԱԺ պատգամավորի հորդորը նույնն է՝ մի եղիր Ալիկի պես

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երևի հիշում եք՝ սա Ալիկն է։ Նա գրառում է արել իմ մասին, ըստ որի ես՝ պատահաբար ԱԺ-ում հայտնված անձս, ժամանակին պարտվել եմ իրեն ուսխորհրդի նախագահի ընտրություններում, դարձել իր տեղակալը, և դա շատ վճռական նշանակություն է ունեցել իմ հոգեբանության ձևավորման վրա:

Դե ինչ, ստիպված եմ տեղեկացնել՝ ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը լրիվ հակառակն է “հիշում”։ Երբ ես ղեկավարում էի ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսխորհուրդը, նա՛ էր իմ տեղակալը, թե քարտուղարը, իսկ մյուս ընտրափուլում ես այլևս չեմ առաջադրվել՝ հետաքրքրությունս կորցնելով ուսխորհրդի նկատմամբ և ցանկանալով կենտրոնանալ մագիստրոսական թեզիս վրա։ Հոգեբանության մեջ էդպիսի ֆենոմեն կա կարծեմ, երբ մարդ հիշում է իրականության լրիվ հակառակ՝ իր համար ավելի ցանկալի պատկերը։

Մի երկու բառ էլ ԱԺ ընտրություններում իմ “պատահական” ստացած 4000 քվեի մասին։ Ալիկը հավանաբար գիտի միայն մեկ ոչ պատահական ճանապարհ՝ բոլոր մակարդակների ղեկավարությանը տարիներ շարունակ հաճոյանալու և նրանց հովանավորությունը ստանալու ճանապարհը, և ես, անցած չլինելով այս ուղիղ, սակայն ամենևին ոչ բուրումնավետ ճանապարհով, այս առումով միանգամայն պատահաբար եմ հայտնվել երկրի օրենսդիր իշխանությունում։

Իսկ եթե վերացարկվենք հոգեբանական հարթությունից, ստիպված կլինենք արձանագրել՝ տիկնայք և պարոնայք, դուք զբաղեցնում եք դպրոցների տնօրենների, համայնքների ղեկավարների, նախարարների ու նախագահի պաշտոններ։ Դուք կառավարում եք մեր երկիրը։ Դու’ք: Մե’ր երկիրը: Այ սա՛ է պատահականությունը։ Ձեր համար՝ երջանիկ պատահականությունը։

Էնպես որ, տիկնայք և պարոնայք մեր կյանքում պատահաբար հայտնվածներ, շարունակեք խրախճանքը, վայելեք ճակատագրի պատահական ընծան, մինչև մենք ձեզ անհրաժեշտաբար հրաժեշտ կտանք։

Հորդորս նույնն է։ Մի եղիր Ալիկի պես։ Հիմա տեսա՞ր, որ չարժի։