Search
Close this search box.

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակոցներ արձակել Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ․ ապացույցներ կան. Արման Թաթոյան

Ադրբեջանական ցուցանակների տեղադրումը նույնպես մարդու իրավունքների խախտում է: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական դրոշների ու ցուցանակների տեղադրումը նույնպես մարդու իրավունքների խախտում է: Այս ցուցանակների մոտ բերում են իրենց զինվորականներին, տեղակայում են այդ ցուցանակների մոտ, որ իբր թե հայերը այդ ցուցանակները չվնասեն: Ակնհայտ չէ՞, որ սա պատրվակ է նրանց զինվորականների տեղաշարժման համար»,- ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև ընդգծեց՝ Սյունիքի մարզում դպրոցները շատ մոտ են սահմանին, կա ճանապարհային խնդիր` ի՞նչ է լինելու ավտովթարի դեպքում, մարդիկ երեկոյան ժամերին վախենում են հիվանդանոց գնալ:

«Օրինակ՝ Կապանից Շիկահող, Սրաշեն, Ճակատեն, Ներքին Հանդ գյուղերում մարդիկ խուսափում են անգամ երեկոյան ժամերին հիվանդանոց գնալ: Ի՞նչ կլինի, եթե այդ ճանապարհների վրա ավտովթար լինի, չէ որ մարդկանց հորդորում են այդ տարածքում արագ քշել, ո՞վ է լուծելու հայերին առնչվող հարցերը: Այս հարցերը մենք բարձրաձայնում ենք և սպասում ենք լուծումների, այս հարցերին չկա լուծում: Դպրոցները շատ մոտ են սահմաններին և ամենավառ օրինակը Ներքին Հանդ գյուղն է, դպրոցը և սահմանը մոտ 500 մետր տարբերության վրա են»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը:

ՄԻՊ-ը հավելեց՝ կան ապացույցներ, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ։ Թաթոյանը ցուցադրեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ արձակում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ և Եղվարդ գյուղերի միջնամասում օրվա ցերկային ժամերին։ Պաշտպանը նշեց, որ այդ հատվածից մինչև Ագարակ և Եղվարդ գյուղերը ուղիղ գծով մոտ 1 կմ է։

«Մենք ունենք այլ ապացույցներ ևս, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցները»,- ասաց Թաթոյանը։