Search
Close this search box.

Որտե՞ղ եք դուք հատել սահմանները, որ Գլխավոր շտաբը նման հայտարարություն է ստիպված հրապարակել. Պատգամավորը՝ վարչապետին

«Ակնհայտ է, որ ԶՈւ Գլխավոր շտաբն ակնթարթորեն չի կայացրել այս որոշումը և ուներ ծանրակշիռ պատճառներ՝ պահանջելու ձեր հրաժարականը։ Որպես ՀՀ վարչապետ, գործող կառավարության ղեկավար, ինչքան անադեկվատ որոշումներ եք դուք կայացրել, որքան սահմաններ եք հատել, որ ԳՇ-ն և բանակի 40 գեներալներ որոշել են, որ դուք այլևս ի վիճակի չեք որպես վարչապետ ղեկավարելու, և այլ ելք չկա, դուք պետք է հրաժարական տաք»,- այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց պատգամավոր Անի Սամսոնյանը։

Պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. «Այդ հայտարարությունը բավական խնդրահարույց է առաջին հերթին այն առումով, որ զինվորականությունը, նամանավանդ ԳՇ պետն ու ղեկավարությունը համաձայն մեր Սահմանադրության՝ քաղաքականության հետ չպետք է առնչվեն և կապ ունենան։ Խնդրահարույց է այն առումով, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունը և մեր անվտանգության ապահովումը։ Եվ որևէ կերպ քաղաքական հայտարարությունները չեն մտնում ԳՇ գործառույթների մեջ»,- ասաց Ավինյանը։

Նա հավելեց, որ փաստը կա, դրա վերաբերյալ լուծման ճանապարհներն ուրվագծվում են։

Անի Սամսոնյանը կրկնեց․ «Որտե՞ղ եք դուք հատել սահմանները, որ Գլխավոր շտաբը նման հայտարարություն է ստիպված հրապարակել, որովհետև ակնհայտ է՝ որքան էլ դուք մանիպուլյացիայի ենթարկեք ժողովրդին, որևէ զինված հեղաշրջման մասին խոսք անգամ լինել չի կարող»։

Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ Զինված ուժերն ու քաղաքականությունն առհասարակ պետք է տարանջատել։