Search
Close this search box.

Ամոթ Ձեզ, տիկի՛ն Նաղդալյան Հերմինե

Նաղդալյանի բջջային գյալաջիների համար պետբյուջեից վճարվել է 2 միլիոն դրամ, և դա միայն մեկ ամսվա համար է այդքան գումար կազմել։ Ու դա տեղի է ունեցել քաղաքական գործչի հետ, ով ունի ամենահարուստ կին գործարարներից մեկի համբավը ոչ միայն խորհրդարանում, այլև Հայաստանում։ Ու դա տեղի է ունեցել 21-րդ դարի երկրորդ տասնամյակի ավարտին, երբ նույն բջջային հեռախոսակապի ու տարատեսակ մեսենջերների առկայության պարագայում պարզապես անհասկանալի է, թե ում հետ ու ինչքան պետք է խոսացած լիներ տիկին Նաղդալյանը։

Ես հավատում եմ, որ Հերմինե Նաղդալյանն իրոք հանդիսանում է Հայաստանի ամենահարուստ կին գործարարներից մեկը։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ նա ճանապարհաշինական ոլորտի գլխավոր խաղացողներից է։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ այդ 2 միլիոնի դեպքում գործ ենք ունեցել պրիմիտիվ գողության հետ։ Ավելի հավաստի են թվում պրիմիտիվ անշնորհքությունն ու անպատասխանատու վերաբերմունքը պետության, պաշտոնի ու սեփական իմիջի նկատմամբ։

Տիկին Նաղդալյանը պարզապես թքած ունի, թե որքան փող քամուն կտա հեռախոսով, քանի դեռ այդ փողը հարկատուների միջոցներից է դուրս գրվում, ոչ թե իր գրպանից։ Տիկին Նաղդալյանը պարզապես չի հասկանում, որ աղքատ երկրում ափաշկարա 4000 դոլար բյուջեի փող ցփնելը ոչ միայն գեղեցիկ չէ, այլ ատելություն է առաջացնում ու այդ ատելությունը միայն իր՝ տիկին Նաղդալյանի վրա չի տարածվում, այլ նաև իր թիմի, իր ներկայացրած ինստիտուտի ու, առհասարակ, քաղաքական համակարգի վրա։ Տիկին Նաղդալյանը չի հասկանում, որ ավելի լավ է սուսուփուս այդ 4000 դոլարը սեփական գրպանից վճարել ու այդ կերպ խուսափել 4000 վիրավորական հրապարակումներից, մեկնաբանություններից ու բանավոր խոսքից։ Տիկին Նաղդալյանն այս ամենը չի անում, այդ իսկ պատճառով էլ ասում եմ՝ ամոթ Ձեզ, տիկի՛ն Նաղդալյան։
Գրիգոր Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից