Search
Close this search box.

Պաշտոնական կեղծիքների մեջ մեղադրվող դպրոցի տնօրենն արդարացվեց

Նոյեմբերի 2-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը որոշում է ընդունել լուծել Վազաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանի հետ 2012թ. նոյեմբերի 2-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Նոյեմբերի 3-ին մարզպետի մեկ այլ որոշմամբ, մինչեւ մրցույթով Վազաշենի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցվելը, Օլյա Դալլաքյանը նշանակվել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր:

Իսկ մինչ այդ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում էր Սարգիս Խաչատրյանի դատավարությունը: 1953թ. ծնված Ս. Խաչատրյանը մեղադրվում էր պաշտոնական կեղծիքներ կատարելու մեջ, որոնք նա, ըստ մեղադրանքի, իրականացրել է «Վազաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն պաշտոնավարելիս: Ըստ մեղադրանքի, նա 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 98 հրամանով որպես նախնական զինվորական պատրաստության եւ անվտանգ կենսագործունեության ուսուցիչ աշխատանքի է ընդունել իր որդուն՝ Արամ Խաչատրյանին: Սակայն նրա հետ աշխատանքային պայմանագիր չի կնքել: Նշյալ փաստը իրավապահ մարմիններից թաքցնելու նպատակով նա 2016թ. նոյեմբերի 16-ից մինչեւ 2016թ. դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատանքային պայմանագիր եւ իրականությանը չհամապատասխանող կեղծ գրառումներ կատարել դրանում՝ այն թվագրելով 2008թ. հոկտեմբերի 31-ով:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»): Ս. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը: 2017թ. նոյեմբերի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի, վճռեց, որ Ս. Խաչատրյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմ չկա, եւ նախաքննական մարմնի հետեւությունը հիմնավոր չէ:

Ըստ դատավճռի՝ նախաքննական մարմինը քրեական օրենսգիրք ոչ ճիշտ է կիրառել, քանի որ Ս. Խաչատրյանին մեղսագրված գործողությունները հանցագործություն չեն համարվում, դրանք թեեւ ձեւականորեն պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հատկանիշներ, սակայն նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում: Ըստ այդմ, դատավորը վճռեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Սարգիս Խաչատրյանին ճանաչել անմեղ եւ արդարացրեց նրան, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվեց: Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազությունը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկել դատավճիռը:

Ոսկան Սարգսյան                                                                                                                                                                                                                       Տավուշ