Search
Close this search box.

Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին

32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին՝ մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ծննդատան բաժանմունքում մահացել էր Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ծննդկանի մահվան հանգամանքները, պատճառները։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստացի տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա կինը առաջնածին ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մոտ հայտնաբերվել է ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների եւ անոթների սուր արյունապակասություն, որն էլ հանգեցրել է մահվան:

2017 թվականի նոյեմբերի 3-ին ստացվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն` 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում եւ արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, որն էլ գտնվում է պատճառահետեւանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման եւ նրա մահվան հետ:

Քննությամբ պարզվել են 32-ամյա կնոջ ծննդաբերությունն ընդունած եւ դրան հաջորդող ժամանակահատվածում նրան անհրաժեշտ բժշկական օգնությունը կազմակերպելու համար պատասխանատու անձանց շրջանակը։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նոյեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրվել բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մասնավորապես՝ վերջինս ծննդաբերությանը հաջորդող ժամանակահատվածում` հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20:50-ից սկսած, ծննդկանի բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ, պարտավոր լինելով արգանդային արյունահոսության շարունակման պայմաններում, պատռվածքի վերականգնման միաժամանակ հեշտոցային եւ որովայնային հասանելիությունն ապահովելու նպատակով կատարելու որովայնահատում, իսկ արյունահոսության շարունակման դեպքում՝ անցնելու նաեւ հետագա վիրահատական միջամտությունների, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսեւորել է անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք եւ չի իրականացրել անհրաժեշտ բժշկական միջոցառումները, որի պայմաններում ծննդկանի մոտ զարգացել է հեմոռագիկ շոկ՝ պատճառ դառնալով հիվանդի մահվան։

Նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ ծննդկանի ծննդաբերությունն ընդունած մանկաբարձ-գինեկոլոգը 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Դիլիջան-Երեւան ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենայով վթարի է ենթարկվել եւ մահացել:

Նախաքննությունը շարունակվում է: