Search
Close this search box.

«Հրապարակ». Ընտրություններում պարտվելուց հետո «Վենեցիայի եղբայրներից» Ասատուրը վերադարձել է հին պաշտոնին

«Հրապարակ» թերթը գրում է. «Էրեբունուց ռեյտինգային կարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց եւ պարտվելուց հետո «Վենեցիայի եղբայրներից» Ասատուր Սահակյանը (անձնագրով՝ Ասատուր, շր­ջապատում՝ Արթուր) վերադարձել է հին պաշտոնին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի պետ: Նա այդ պաշտոնն զբաղեցնում էր 2008-ից, 2017թ. փետրվարին ազատվեց աշխատանքից՝ ՀՀԿ ցուցակով առաջադր­վելով թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) եւ հավաքելով 1726 ձայն:

ՀՀԿ-ի քարոզչա­կան կայքում՝ lovearmenia-ում, տեղադր­ված կենսագրությունից տեղեկանում ենք, որ Ասատուր Սահակյանը 2017թ. փետր­վարից առ այսօր «Գազպրոմ-Արմենիա» ՊՓԲԸ տնօրենի խորհրդական է, սակայն նրա անունը «Գազպրոմի» կայքում չկա: Փոխարենը՝ ՀՀԿ-ական թեկնածուի անունը գտանք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում:

Պարզվում է՝ նա վերադարձել է հին պաշ­տոնին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի պետ, անգամ մի համեստ հայտարարա­գիր է ներկայացրել, որին եթե հավատանք, ապա Սահակյանն ընդամենը 2 մեքենա ունի՝ TOYOTA LC150 4.0 GAS FABRIC եւ MERCEDES-BENZ Տ550L, եւ մոտ 2 մլն. դրամ՝ որպես աշխատանքի վարձատրու­թյուն: Հիշեցնենք, որ Ասատուրը եւ եղբայրը՝ Արտյոմը, Էրեբունի համայնքում «Վենեցիա» հյուրանոցային համալիրի եւ Մոնումենտում համանուն ռեստորանի տե­րերն են:

Ի դեպ, հանուն ընտրությունների ՊԵԿ-ից դուրս էր եկել, իսկ որոշ ժամանակ անց նախկին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողու­թյան վարչության պետի պաշտոնին էր վերադարձել նաեւ գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսան՝ Սամվել Սանամյանը, ով ինքնակամ հրաժարվել էր մանդատից: Մինչ ՊԵԿ վերադարձը նա մի քանի ամիս վարչապետի խորհրդականն էր»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: