Search
Close this search box.

Կարեն Վարդանյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 24 և 22 տարվա ազատազրկման

Քիչ առաջ դատարանը հրապարակեց փորձագետ Կարեն Վարդանյանի աղմկահարույց սպանության գործով մեղադրական դատավճիռը: Դատարանը ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց մեղադրանքի ողջ ծավալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով, մարդուն առևանգելով զուգորդված սպանություն, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողություն, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը:

Pastinfo-ի տեղեկացմամբ՝ դատավճռով Գևորգ Զոհրաբյանը դատապարտվեց 24 տարվա ազատազրկման և տուգանքի մեկ մլն դրամի չափով, իսկ Արթուր Միհրանյանը՝ 22 տարվա ազատազրկման և տուգանքի՝ մեկ մլն դրամի չափով:

Մեղադրողն իր մեղադրական ճառում միջնորդել էր փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալներ Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում ու նրանց դատապարտել ցմահ ազատազրկման:

Ամբաստանյալ Արթուր Միհրանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն իր պաշտպանական ճառում այսօր նշեց, որ դատարանից ակնկալում է ճիշտ իրավական գնահատական ու արդարացի դատավճիռ:

Պաշտպանը՝ հղելով իր պաշտպանյալի դատաքննական ցուցմունքին, նշեց, որ վերջինս Կարեն Վարդանյանին սպանելու համար նախնական համաձայնություն չի ունեցել Գևորգ Զոհրաբյանի հետ: Ամբաստանյալ Միհրանյանը միաժամանակ ընդունել է, որ տուժողին մահացու հարվածներ է հասցրել իրենց միջև առաջացած վիճաբանության հետևանքով: Ընդ որում, Արթուր Միհրանյանն իր ցուցմունքում նշել է, որ սպանելու կամ վնասելու դիտավորություն չի ունեցել: Ըստ ամբաստանյալի, իր ու տուժողի միջև պարտքով գումար տալու-չտալու վերաբերյալ խոսակցություն, ապա քաշքշուկ է ծագել, և Ա.Միհրանյանն՝ ինքնատիրապետումը կորցնելով, գետնից քար է վերցրել ու հարվածներ հասցրել Կարեն Վարդանյանի գլխին: Իսկ ըստ Գևորգ Զոհրաբյանի ցուցմունքի, ինքը սպանության հետ առնչություն չունի, պարզապես վախեցել է տեսածից, սկզբից փորձել է նրանց բաժանել, սակայն հետո թողել է դեպքի վայրը և հեռացել:

Պաշտպանը նշեց նաև, որ անթույլատրելի է ներքին դիտման լազերային սկավառակի օգտագործումը: Ըստ պաշտպանի, Ա.Միհրանյանը ձերբակալվելուց հետո էլ, ներքին դիտումն իրականացնելու ժամանակ էլ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, հետևաբար նրա տրամադրած տեղեկությունների արժանահավատությունն ընկնում է լուրջ կասկածի տակ: Դեպքի օրը, Երևանից Սևան ուղևորվելիս մեքենայի մեջ պարբերաբար օղի օգտագործելու մասին ամբաստանյալը նշել է նաև իր ցուցմունքում: Ըստ նրա, դեպքին հաջորդող բոլոր օրերին էլ նա կրկին ալկոհոլ է օգտագործել և մշտապես եղել է դրա ազդեցության տակ:

Իսկ Գևորգ Զոհրաբյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց իր պաշտպանյալին անմեղ ճանաչել ու արդարացնել: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել, իսկ մեղադրողի միջնորդությունը չի բխում գործի նյութերից և հիմնված է անօրինական ապացույցների ու ենթադրությունների վրա:

Արթուր Միհրանյանը իր հակիրճ ճառում նորից հայտարարեց, որ ինքն է սպանել Կարեն Վարդանյանին և որ Գևորգ Զոհրաբյանը ոչ մի մեղք չունի, իսկ վերջին խոսքում նա խնդրեց արդար դատավճիռ կայացնել: