Search
Close this search box.

Ապրիլյան քառօրյայի մասնակիցը մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ զինգրքույկում նշում կատարելու հարցով դիմել է դատարան .ՀՔԱՎ

Ամիսներ առաջ Ապրիլյան քառօրյայի մի շարք մասնակիցներ ահազանգեցին այն մասին, որ իրենց զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ համապատասխան գրառում չի կատարվել, իսկ որոշ դեպքերում արդեն իսկ կատարված գրառումը ջնջվել կամ այլ գույնի գրիչով անվավեր է դարձվել:

Նշենք, որ ահազանգողները գերազանցապես 2016-ի ձմռանը զորացրվածներն են, որոնք ծառայություն են իրականացրել նույն ժամանակահատվածում ու նույն վայրում, կատարել են նույն աշխատանքները, ինչ 2016-ի ամռանը զորացրվածները, սակայն վերջինների զինգրքույկներում այդ գրառումներն առկա են:

ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը ևս armenpress.am-ին տված հարցազրույցներից մեկում նշել է, որ դրա մասին հարյուրավոր ահազանգեր են ստացվում: Դրանց մի մասի դեպքում, ըստ նախարարի, խնդիրը լուծվել է հօգուտ զինծառայողների, քանի որ զինգրքույկում համապատասխան գրառում սխալմամբ չի կատարվել:

Զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառում ունենալու դեպքում զինծառայողները հնարավորություն են ստանում օգտվելու որոշակի արտոնություններից, այդ թվում՝ ուսման վարձերի զեղչերից:

Hcav.am տեղեկացմամբ՝ յս հարցով 4 զինծառայողներ դիմել են նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Մի մասը բավարարվել է խնդրի վերաբերյալ պազաբանում ստանալով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այժմ զբաղվում է նրանցից երկուսի գործով: Նրանցից մեկը՝ Ա. Պ.-ն, զինծառայության առաջին վեց ամիսներից հետո ծառայության է անցել ԼՂ ՊԲ Ջաբրայիլի զորամասում, որտեղ էլ գտնվել է ապրիլյան քառօրյայի օրերին: Իսկ 2016 թ. ապրիլի 3-ից  մասնակցել է Լելե Թեփե բարձունքում տեղակայված դիրքերի պաշտպանությանը, որից հետո 68 օր շարունակ իրականացրել է մարտական հերթապահություն: 2016 թ. հուլիսի 18-ին Ա. Պ.-ը զորացրվել է, սակայն նրա զինվորական գրքույկում ևս մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառում չի կատարվել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը, ստանձնելով Ա. Պ.-ի իրավունքների պաշտպանությունը, պարզաբանում ստանալու և զինգրքույկում համապատասխան գրառում կատարելու հարցով 2017 թ. մարտի 28-ին դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն: Խնդրի վերաբերյալ 2017 թ. հունիսի 6-ին պարզաբանում է ներկայացրել ՀՀ զինվորական կոմիսար Հ. Մուրադյանը:

Նրա պնդմամբ՝ 2016 թ. ապրիլի 4-ից մայիսի 23-ն ընկած ժամանահատվածում շարքային Ա. Պ.-ը առաջնագծում չի գտնվել և չի մասնակցել գործողություններին, ինչի հիման վրա էլ մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նրա զինգրքույկում նշում չի կատարվել:

Նույն պատասխանն է տրվել նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մ. Հակոբյանը, երբ պաշտպանության նախարարին ուղղված վարչական բողոքով Ա. Պ.-ի ներկայացուցիչը պահանջել է պարտավորեցնել ՀՀ զինվորական կոմիսարին՝ համապատասխան նշում կատարել Ա. Պ.-ի զինգրքույկում: Երկրորդ անգամ մերժում ստանալուց հետո զինգրքույկում ՀՀ զինվորական կոմիսարին համապատասխան նշում կատարելուն պարտավորեցնելու պահանջով Ա. Պ.-ի ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը դիմել է դատարան: 2017 թ. սեպտեմբերի 23-ին ներկայացված հայցը ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել: