Search
Close this search box.

Ջիգարխանյանի թատրոնից անհետացել է 80 միլիոն ռուբլի

Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ընտանեկան սկանդալի ֆոնին ֆինանսական ստուգումներ են սկսվել Ջիգարխանյանի հիմնած և նրա անունը կրող դրամատիկական թատրոնում:

Комсомилская правда-ի տեղեկացմամբ՝ 82-ամյա Ջիգարխանյանի մտերիմներից մեկը պատմել է, որ տարիներ շարունակ Ջիգարխանյանի թատրոնը ֆինանսավորել է հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը, ով գումարները փոխանցել է մոսկվայաբնակ գործարար, Ջիգարխանյանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանի միջոցով:

Սողոմոնյանն էլ պատմել է, որ այժմ թատրոնում իրականացվում են ստուգումներ, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ ով և ինչքան գումար է գողացել մշակութային հաստատությունից: Նա հայտնել է, որ Ջիգարխանյանի սենյակում գաղտնի տեսախցիկ է տեղադրված եղել, որն ամեն ինչ ֆիքսել է.«Մեր բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել, Վիտալինան ու նրա շրջապատը պատասխանատվության են ենթարկվելու: Այդ պատճառով էլ նա երկրից հեռացավ»,- ասել է Սողոմոնյանը:

Նա պատմել է, որ նախքան իրավապահների գալը Վիտալինան հասցրել է աշխատասենյակից հեռացնել ամբողջ ֆինանսական թղթաբանությունը, ինչը վկայում է, որ կինը թաքցնելու բան է ունեցել:

Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ Վիտալինայի ղեկավարման օրոք թատրոնից օֆշորներ է հանվել մոտ 80 միլիոն ռուբլի: Հիշեցնենք, որ Վիտալինան ղեկավարում էր թատրոնը վերջին 2 տարիներին: Նաև նշվում է, որ 2017թ. 3-րդ եռամսյակում Ջիգարխանյանի կինը մոտ 2 մլն ռուբլի է վաստակել, այնինչ հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ նա հայտարարել էր, թե ամսական ստանում է 40.000 ռուբլի աշխատանավարձ: