Search
Close this search box.

Երեխայի պատանդառուն գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Արմավիրի մարզում գործող «Մանուշակ» մանկապարտեզում մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի բնակիչը գնացել է «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ կինը աշխատում է որպես դաստիարակչուհի՝ պահանջելով դուրս գալ՝ պատճառաբանելով, թե նրա հետ ցանկանում է առանձնազրույց ունենալ: Կինը հրաժարվել է կատարել տղամարդու պահանջը, ինչից հետո վերջինս հանել է դանակը և բռնություն գործադրելով՝ քարշ տալով, փորձել է նրան դուրս բերել շենքից։

Նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը դանակը դրել է կնոջ պարանոցին՝ փորձելով հարվածել, սակայն վերջինս բռնել է շեղբից, ապա նրանց է մոտեցել մանկապարտեզի տնօրենը։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դանակով հարվածել է տնօրենին, որի հետևանքով վերջինս վնասվածք է ստացել պարանոցի և ականջի հատվածում, այնուհետև փորձել է կնոջը բռնությամբ տանել մանկապարտեզի ննջասենյակներից մեկը, սակայն օգնության հասած ազգականը հարվածել է տղամարդուն, ինչի հետևանքով կնոջը հաջողվել է դիմել փախուստի՝ ստանալով մարմնական վնասվածքներ:

Ժամը 16։30-ի սահմաններում տղամարդը պատանդ է վերցրել մանկապարտեզի ննջասենյակում գտնվող ակնհայտ անչափահասին՝ մանկահասակ երեխային՝ նրան ազատ արձակելու համար իրավապահ մարմիններից պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է ժամը 20-ի սահմաններում վնասազերծել տղամարդուն և անվնաս ազատել փոքրիկին։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել տղամարդուն մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։