Search
Close this search box.

Անկարգություններ՝ «Գորիս» ՔԿՀ-ում. քրեական գործն ընդունվել է վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգությունների դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում՝ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ռեժիմային մասնաշենքում քննչական և դատավարական գործողություններ կատարելու ժամանակ, մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերի գրեթե բոլոր խցերում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում առաջացել են դժգոհություններ: Վերջիններս հարվածել են խցերի դռներին և կերակրադռնակներին, պատուհաններից և կերակրադռնակներից նետել այրված անկողնային պարագաներ և կենցաղային այլ իրեր, կոտրել մի շարք խցերի դռներն ու կերակրադռնակները, հայհոյել և հնչեցրել վիրավորական արտահայտություններ։

Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, անկարգություններին մասնակցած անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողությունները անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: