Search
Close this search box.

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պրիմիտիվ ստախոս է. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանում տեղի ունեցող կամայականությունների և չարաշահումների վերաբերյալ նախարար Լևոն Մկրտչյանի պարզաբանումները նորմալ մարդու մոտ, բացի զարմանքից, նաև զզվանք է առաջացնում:
Սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված մեր բաց նամակից հետո փաստորեն նախարար Մկրտչյանի թողտվությամբ ռեկտոր Սահակ Մինասյանը հոկտեմբերի 2-ին գումարեց գիտխորհրդի արտահերթ նիստ և չեղյալ համարեց իր նախկին անօրինական և հանցավոր որոշումներից մի քանիսը: Հոկտեմբերի 2-ին նախարարության ստուգող հանձնաժողովն արդեն համալսարանում էր և ականատես եղավ այդ իրողությանը: Փաստորեն տեսանյութում նախարարը դրվատանքով նշում է, որ 9-10 կետերով նախկին ապօրնի որոշումներն արդեն բեկանվել են և սա պետք է համարենք նախարարի և ռեկտորի ձեռքբերումը: Ստացվում է, որ ըստ ԿԳ նախարարի, ԲՈՒՀ-ական կրթությունից ոչինչ չհասկացող ռեկտոր Սահակ Մինասյանին միշտ պետք է հսկողության տակ պահել, քանի որ ժամանակ առ ժամանակ վերջինս ապօրինություններ է գործելու և դրանց մասին միշտ ինչ-որ մեկը պետք է բարձրաձայնի,որ «կրթական գործի Կոլումբոս» Մինասյանին միշտ դարձի բերեն: Նախարար Մկրտչյանին տեղեկացնեմ, որ իր նշած 9-10 կետերի վերաբերյալ ապօրինությունները պարոն Մինասյանը կատարել էր ընդամենը մեկ ամսում և տապալել ամբողջ կրթական գործընթացը: Պարոն նախարարը կարող է մի ԲՈՒՀ մատնանշել,որտեղ ուսումնական պլաններն ընդունվում են հոկտեմբերի 2-ին, որից հետո կատարվում է ՆՈՐ դասաբաշխում: Կամ օրինակ բերի մի ԲՈՒՀ, որտեղ ներդրվել է Հայաստանում գոյություն չունեցող կրթական ծրագիր:  Օրինակ՝ ինտեգրված ուսուցում կոչվածը:
Զարմանալ կարելի է, որ բաց նամակից հետո մի քանի ապօրինի որոշումներ չեղյալ համարելը չի դիտարկվում բաց նամակին հաջորդող ժամանակաշրջանով, այսինքն` ռեկտորը սեպտեմբերի 27-ին նախարարի հետ հանդիպելուց հետո հրահանգ ստացավ շատ արագ մեղմացուցիչ միջոցառումներ ձեռնարկել:
Պարոն նախարար, Ձեր ուղարկած աշխատանքային խումբն իր ստուգումներում պետք է սահմանափակվեր մինչև սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածով և շատ ամոթ է, որ նախարար լինելով վերածվել եք հանցագործ ռեկտորի օմբուդսմենի՝մոռանալով թե ինչեր էիք խորհուրդ տալիս մեր համալսարանի ուսանողներին: Ռեկտորն ամեն կերպ ուզում էր, որ համալսարանում ստուգումները ժամանակագրորեն ընդգրկեն նաև մինչև իր պաշտոնավարումն ընկած շրջանը ու հիմա նախարարն կատարում է ռեկտոր Մինասյանի պատվերը:

Նախարարն ասում է, թե նախորդ ռեկտորի ժամանակ աշխատել են 6-ամսյա պայմանագրերով:  Բացարձակ սուտ ի պաշտպանություն Մինասյանի: Ընդհակառակը, վերջինս է այս մեկ տարվա ընթացքում առաջնորդվում մինչև 6-ամսյա աշխատանքային պայմանագրերով, ինչի պատճառով, օրինակ, բուհում չկա գոնե 1 ընտրված ամբիոնի վարիչ: Ա´յ սրա մասին բարձրաձայնեք,այլ ոչ թե ապատեղեկատվություն տարածեք: Ինչու՞ պարոն Մկրտչյանը չի անդրադառնում այն փաստին, որ ՄԵԿ ՕՐՈՒՄ համալսարանի բոլոր դեկանները և ամբիոնի վարիչներն ազատվել են աշխատանքից: Կամ անընդհատ բարձրաձայնում եք, որ հիմնական աշխատողներ ԲՈՒՀ-ը չունի: Պարոն Մինասյանն է Ձեզ խաբել, թե՞ սիրում եք ինքնախաբեությամբ զբաղվել: Որպեսզի բացահայտեմ Ձեր ՍՈՒՏԸ, միայն մեկ փաստ: Սույն թվականի օգոստոսի 31-ին համալսարանը ինձ հետ լուծում է 2013 թ-ի սեպտեմբերի 2-ին կնքված աշխատանքային պայմանագիրը (ապացույցներն ինձ մոտ են): Կարող է Սահակ Մինասյանի ընկեր Լևոն Մկրտչյանը բացատրել այս փաստը: Այս հարցի վերաբերյալ առաջարկում եմ նաև ուսումնասիրել ԲՈՒՀ-ի կանոնադրությունն ու ՀՀ աշխատանքային օրենսգիրքը,որ ծիծաղելի վիճակում չհայտնվեք՝բարձրաձայնելով մի բանի մասին,որից չեք հասկանում:
Զավեշտալի են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի պարզաբանումները համալսարանի գրադարանի վերաբերյալ: Ձեր ուղարկած հանձնախմբի ղեկավար Նորիկ Կարապետյանը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց,որ ռեկտոր Մինասյանը ինչ-որ փաստաթուղթ է ներկայացրել իրեն,ըստ որի, նա մակուլատուրա է հանձնել 6 տոննա գիրք, բայց չի ներկայացրել գրքերի հանձնման օրինական հիմքերը : Կրկնում եմ պարոն նախարարի համար,որ ԲՈՒՀ-ի գրադարանային ֆոնդի կեսից ավելին իր ընկերը՝ Մինասյան Սահակը ոչնչացրել է: 2016 թ-ի մայիսին մեր ԲՈՒՀ-ում աուդիտ կատարող ԿԳ նախարարության աշխատախումբը պահանջել էր ԲՈՒՀ-ի ղեկավարությունից մինչև 2016 թ-ի դեկտեմբեր ամիսը գույքագրում անցկացնել գրադարանում: 2016 թ-ի հունիսին ԲՈՒՀ-ի ռեկտոր Վարդևան Գրիգորյանն իր դիմումի համաձայն հեռացավ պաշտոնից և այդ գույքագրումը պետք է անցկացներ համալսարանի նոր ռեկտոր Սահակ Մինասյանը,որը նա չի արել: Ո՞վ է պատասխան տալու, որ պարոն Մինասյանը գույքագրում չի անցկացրել,ապօրինի՝առանց իրավական մասն ապահովելու մակուլատուրա է հանձնել գրադարանի գրքերի մեծ մասը: Ստո՛ր է այն մարդը,ով առաջ է տանում այն թեզը,թե գրքերն անպիտան են եղել:
Սահակ Մինասյանի օմբուդսմեն ԿԳ նախարարին հիշեցնեմ, որ նրա այս վախվորած հարցազրույցը դիտել են նաև այն ուսանողները,որոնց Դուք խորհուրդ տվեցիք դատի տալ Մինասյանին՝կամայականորեն ընդունված ուսումնական պլանների համար,որի պատճառով ԲՈՒՀ-ի բոլոր բաժիններում, հատուկ եմ Ձեզ համար կրկնում՝ ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ, քանի որ ԴՈՒՔ միտումնավոր սևեռվել էիք պատմության և փիլիսոփայության ամբիոնի վրա,տեղի էին ունեցել բազմաթիվ առարկաների կրկնակի դասավանդման փաստեր: Այդ հանցագործ որոշման հեղինակը,որի պատճառով ուսումնական գործընթացը ԲՈՒՀ-ում կաթվածահար էր եղել,Ձեր հովանավորյալ ռեկտորն է: Պարոն նախարար, հակաիրավական կամ հակաօրինական ի՞նչ խնդիր եք տեսնում այն հարցում, որ բաց նամակի հեղինակներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը Ձեզանից են լսում, որ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են բուհ: Ինչու՞ է Ձեր հովանավորյալ ռեկտորը մեզանից թաքցնում ուսումնասիրության արդյունքները, Դուք ե՞ք ասել, որ մենք տեղյակ չլինենք այդ մասին: Կամ ի՞նչ է նշանակում համալսարանն իր պատասխանները նախարարությանը տալուց հետո վերջինս վերջնական եզրակացությունը կներկայացնի գիտական խորհրդում: Այսինքն` հակակրթական և հակաօրինական որոշումներ ընդունող գիտխորհուրը,որի անդամների մեծամասնությունը չգիտի իր իրավունքների և պարտականությունների մասին,որը կախյալ է ռեկտորից, կարող է ԱՆԿԱԽ արձագանքել եզրակացությանը…Այդ «պոլիտբյուրո»-ին մենք չենք վստահում:
Ինչ վերաբերում է նախարարի հայտարարությանը` լուրջ, արմատական բարեփոխումների խնդիր կա, ապա բարեփոխումների խնդիր ցանկացած բուհում էլ կա, սակայն հարցերի հարցն այն է, թե ով պետք է իրականացնի բարեփոխումներ կոչվածը…Սահակ Մինասյանը պետք է իրականացնի: Զավեշտն ու ողբերգությունը հենց սա : Ինչն է՞ մթագնել Ձեր ողջախոհությունը, որ այս պրիմիտիվ քայլերի միջոցով ինչ-որ բանի եք ուզում հասնել: Պատասխան եք տալու և՛ Դուք,և՛ Ձեր հովանավորյալը օրենքի և ուսանողության առաջ,որ ՔԱՆԴՈՒՄ եք Շիրակի պետական համալսարանը:
Ի դեպ, չգիտես ինչու՞ լռեցիք պարոն Մինասյանին նվիրաբերած ապօրինի լիցենզիաների մասին,ռեկտորի և նրա շրջապատի աստղաբաշխական աշխատավարձների և թանկարժեք շինարարությունների մասին:
Հ.Գ. Շատ զզվելի է,երբ նախարարը որևէ ԲՈՒՀ-ի ռեկտորին պաշտպանելու համար փորձում է սևացնել նախկինին: Հետաքրքիր է, ինչի՞ դիմաց եք դա անում:

Գագիկ Համբարյան