Search
Close this search box.

Ֆրանսիան հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է. Մակրոնի նամակը՝ Արամ Ա-ին

Ֆրանսիան Հայաստանի եւ աշխարհի տարբեր կողմերում բնակվող հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է: Այս մասին ասվում է  է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին ուղղված նամակում, հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Ֆրանսիայի նախագահը նշել է. «Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց Մերձավոր Արեւելքն ապրում է բնռության ու բռնակալության մթնոլորտում: Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան հավատարիմ է իր կեցվածքին, շարունակելու է շեշտել ճշմարտության հրամայականը եւ հավաքական հիշողության պահպանման կարեւորությունն աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում եւ Թուրքիայում»:

Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի եւ հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է. «Մենք հանձնառու ենք ղարաբաղյան հիմնախնդրին բանակցային ճանապարհով լուծում գտնելուն՝ հօգուտ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»:

Նա վերահաստատել է Ֆրանսիայի եւ Լիբանանի միջեւ գոյություն ունեցող զորեղ բարեկամությունը՝ ընդգծելով, որ Լիբանանը բազմազանության եւ  ժողովրդավարության օրինակ է, որտեղ հայ համայնքն ունի իր կարեւոր դերը:

Նախագահը վստահեցրել է, որ Ֆրանսիան իր դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել Մերձավոր Արեւելքի խաղաղության ապահովման համար՝ պահպանելով ցեղային ու կրոնական տարբերություններն ու ինքնությունը, ինչն այդ տարածաշրջանի յուրահատուկ հատկանիշներից է: Մակրոնը պատրաստակամություն է հայտնել պայքարել ծայրահեղականության դեմ՝ պաշտպանելու ցեղային ու կրոնական ծայրահեղություններին ու բռնությանը զոհ դարձած համայնքները: