Search
Close this search box.

Կարելի՞ էր կանխել պատերազմը. երբ և որտեղ է տապալվել հայկական դիվանագիտությունը

Հետպատերազմական ներհայաստանյան քննարկումների առանցքային թեմաներից մեկը դիվանագիտության աշխատանքն ու պատերազմի կանխման հարցում դրա ձախողման վերաբերյալ հարցադրումները: Այդ համատեքստում հաճախ է մեջբերվում հայտնի միտք, թե պատերազմը սկսվում է այնտեղ, երբ ձախողվում է դիվանագիտությունը: Այդ միտքն, անշուշտ, շատ դեպքերում ունի շոշափելի աղերս իրականության հետ, բայց այն չի կարող դառնալ պատերազմի առնչվող իրողությունների բացարձակ ախտորոշում: Բանն այն է, որ թե՛ դիվանագիտությունը, թե՛ պատերազմը, խոշոր հաշվով, համաշխարհային քաղաքականության, ուժային կենտրոնների ռազմավարության գործիքակազմ են, որ կիրառվում են՝ ելնելով մի շարք գործոնների համադրումից:

Մինչդեռ, իրադարձությունների և հանգամանքների համադրումն իր հերթին պարզորոշ վկայում է, որ Արցախի դեմ հինգերորդ սերնդի պատերազմը հայ-ադրբեջանական չէր, այն առնվազն ռուս-թուրքական էր, և ավելի լայն իմաստով էլ նաև մի շարք այլ աշխարհաքաղաքական շերտեր պարունակող պատերազմ էր, որտեղ մի շերտում Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց հետ էին, մեկ այլ շերտում միմյանց հետ էին Թուրքիան և Իսրայելը, մեկ այլ շերտում՝ Թուրքիան և Արևմուտքը, ու այդպես մի քանի այլ շերտեր: Այդ պայմաններում, Հայաստանն, անշուշտ, ուներ դիվանագիտական ահռելի անելիք, բայց քիչ ժամանակ: Դա ամենևին չի նշանակում, որ այդ քիչ՝ 2,5 տարի ժամանակահատվածում արվել է հնարավորը, արվել է ամեն ինչ պատերազմից խուսափելու համար:

Միևնույն ժամանակ, չափազանց դժվար է հանրային հարթությունում եզրակացնել, թե չի արվել հնարավորը կամ անհնարը, որովհետև դիվանագիտության ահռելի մասը անտեսանելի տիրույթում է:

Միևնույն ժամանակ, եթե պատերազմը անհրաժեշտ է դիտվում ուժային ազդեցիկ կենտրոնների ռազմավարության տեսանկյունից և կայացվում է որոշում, ապա Հայաստանի մասշտաբի դիվանագիտությունը կարող է դառնալ անզոր: Այդ հանգամանքն է, որ բարդացնում է եզրակացնել՝ հայկական դիվանագիտությունը տապալվել կամ ձախողվե՞լ է, թե՞, այդուհանդերձ, եղել անբավարար:

Որովհետև, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունների հարաբերակցությամբ հայկական դիվանագիտական կարողությունները, աներկբա է դառնում այն, որ հայկական դիվանագիտությունը պետք է հաջողեր կա՛մ անցնող ավելի քան քառորդդարյա ժամանակահատվածում, կա՛մ անկենսունակ էր դառնալու արդեն առնվազն հնգամյակ ծավալվող դինամիկ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական վերափոխումներում, որոնք Հայաստանի շուրջ գեներացնում էին ռիսկեր:

Բանն այն է, որ հայկական դիվանագիտությունը ավելի քան քառորդ դար գործնականում, կամա թե ակամա, աշխատել է երկու ուղղությամբ. Ադրբեջանի իրավունքի ճանաչում, և այդպիսով, պատերազմի իրավունքի հարցում Ադրբեջանին կամա, թե ակամա տրվող «քարտ-բլանշ», ինչը նույնիսկ Պուտինն էր արձանագրում նոյեմբերի 9-ից հետո տված հարցազրույցում: Եվ այդ իմաստով երկրորդ՝ պատերազմի ձգձգման, ոչ թե կանխման ռազմավարական խնդիր: Որովհետև կանխման ռազմավարական խնդիրը պետք է ենթադրեր յուրաքանչյուր կոպեկի՝ այլ ուղղությամբ խնայումով Հայաստանի բանակի անխնա արդիականացում: Իսկ դա ևս տարիներ պահանջող գործընթաց է: Ըստ այդմ, Արցախի դեմ հինգերորդ սերնդի պատերազմն ու դրա ցավագին ելքը հայկական պետական քաղաքականության տապալումն է, ինչը շատ ավելի լայն հասկացություն է, քան դիվանագիտությունը:

Ի վերջո, որևէ դիվանագիտություն ամուր հենվում է երկու ոտքի վրա՝ դիվերսիֆիկացված և արդիական, արժեք ստեղծող տնտեսություն, և սպառազինված ու արդիական բանակ: Այդ իմաստով, Հայաստանի դիվանագիտությունը եղել է այսպես ասած՝ մեկ ոտքի վրա, և ավելին, ինչպես ցույց տվեց պատերազմը՝ ցավոք սրտի, զգալիորեն թերի է եղել մյուս ոտքը: Բանակն ունեցել է ռեգիոնում լավագույն հրամանատարներ ու մարտիկներ, բայց ժամանակին անհամարժեք սպառազինություն:
1in.am