Search
Close this search box.

Մի դեպք․ որ տեղի է ունեցել Մանե Գևորգյանի ու Էդուարդ Աղաջանյանի մասնակցությամբ 2018-ի ապրիլի 21-ին՝ փաբում

Երեկ հանրության հաշվին հեռարձակող հեռուստաընկերության եթերով դիտեցի իմքայլական մի բարձրաստիճան ոչնչության «պաշտպանական ճառը», և որոշեցի հանրության սեփականություն դարձնել մի դիպված ոչ վաղ անցյալից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս փոքր դիպվածը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 21-ի երեկոյան՝ Փարպեցու փողոցի փաբերից մեկում։ Մինչ ձեզ հայտնի խմբակը ակտիվորեն հեղափոխություն էր կազմակերպում, ես ընկերոջս՝ Տիգրան Հարությունյանի հետ մտանք այդ փաբը, որ ընկերս բարմենին ինչ-որ բան փոխանցեր կամ նրանից ինչ-որ բան վերցներ ու գնայինք մեր գործերով։

Երբ արդեն դուրս էինք գալիս, մի երիտասարդ աղջիկ, որ սեղանի շուրջ նստած էր մի երիտասարդ տղայի հետ, շատ բարձր՝ բոլորի համար լսելի ձայնով ասած. «Յաա, պարոն Մելիքյա՞ն, դուք ե՞ք։ Հարց ունեմ Ձեզ. ինչու՞ եք դեմ գնում ժողովրդին, ինչու՞ եք պաշտպանում էս քրեաօլիգարխիկ ռեժիմը»։ Հետ դարձա ու պատասխանեցի՝ «Եթե ուզում էիք, որ բոլորը Ձեզ լսեն, Դուք հասաք Ձեր նպատակին։ Իսկ եթե ուզում եք ԻՆՁ լսել, իմ մոտեցումներն ու մտավախությունները լսել, ապա я к Вашим услугам»։

Հրավիրեց իրենց սեղան։ Ես ու ընկերս նստեցինք ու մի կես ժամ զրուցեցինք։ Ներկայացան, որպես ՀՀ շարքային քաղաքացիներ, որոնք քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ են պայքարում՝ ավելի լավ երկիր կառուցելու համար։

Ես 2 կատեգորիկ դատողություն արեցի, և շնորհակալ եմ ընկերոջիցս, որ վերջերս գրեթե բառացի հիշեցրեց խոսքերս։ Առաջինը՝ ասացի, որ Նիկոլը ուղղակի կործանելու է Արցախը, քանի որ ո՛չ դիվանագիտությունից է գլուխ հանում և ո՛չ էլ ռազմական գործից։ Եվ երկրորդը՝ ասացի, որ պետական ինստիտուտները կազմաքանդելու, «ժողովրդին ամեն ինչ թույլատրված է» թեզը վավերացնելու գնով իշխանություն վերցնելու դեպքում շեշտակի հետ ենք շպրտվելու՝ կորցնելով պետականության զարգացման հեռանկարը։

Իրենք էլ իրենցն էին ասում՝ քրեաօլիգարխիկ ռեժիմ, թալան, մարտի 1, ֆլան, ֆստան։ Մի հարցում միայն համաձայնվեցինք. Լֆիկը պետք է պատժվի (չեմ հիշում ինչում էին մեղադրում)։

Շատ քաղաքավարի զրուցեցինք ու շատ քաղաքավարի հրաժեշտ տվեցինք՝ առանց միմյանց հաջողություն մաղթելու։

Հետո, երբ արդեն զավթել էին իշխանությունը, պարզվեց՝ այդ երկու «շարքային քաղաքացիները» ամենևին էլ շարքային քաղաքացիներ չէին, այլ Նիկոլ Փաշինյանի մերձավորագույն շրջապատից ու նվիրյալագույն զինակիցներից։ Մանե Գևորգյանն էր ու Էդուարդ Աղաջանյանը։

Համբերատար սպասում եմ վերջինիս հետ երկրորդ ու վերջին հանդիպմանը։ Վստահ եմ՝ այն կայանալու է։